Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վում է ցողով, անձրևով, ոռոգումով, ջերմությամբ և պայծառ արեգակի լույսով։ Այս այսպես կշարունակվի մինչև հունձքի ժամանակը, երբ ցորենի բերքը հնձում ու հավաքում են արքայության շտեմարաններում, իսկ որոմը հավիտենական կրակի մեջ են ածում ու այրում։ Այս հունձքը ժամանակների վերջն է, երբ աստծու որդին կգա և իր հետ իջած երկնավոր մշակներին կհրամայի հնձել գերեզմաններից դուրս եկած բոլոր ննջեցյալներին։ Այն ժամանակ նա ընտրություն կանի, արդարներին ցորենի նման իր հետ արքայություն կտանի, իսկ մեղավորներին որոմի նման կհրամայի ածել հավիտենական անշեջ կրակը։

Արդ դեռ հնձի ժամանակը չհասած՝ դու որոմը քաղհան արիր ցորենից և վաղաժամ մի տեղ հավաքեցիր առանց ցորենի. ուստի և կրակը վաղաժամ եկավ և ամբողջ որոմը, որ միատեղ հավաքված էր, միանգամից ոչնչացրեց. իսկ դու զգույշ եղիր քո մասին, միգուցե դու էլ կորչես, այս երկիրն էլ քո պատճառով»։ Իսկ թագավորը ծունկ չոքած մեծ աղաչանքով, պաղատանքով խնդրում էր (Ներսեսից) իր հետ հաշտվել, և ուխտեց, որ այնուհետև նրա խոսքից երբեք դուրս չի գա։


Գլուխ ԺԴ

ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՏԱՐՈՆ ԳԱՎԱՌԸ ԳԱԼՈՎ

ՄՏԱՎ ԱՇՏԻՇԱՏԻ ԱՂՈԹԱՐԱՆԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԱՅՆՏԵՂԻՑ ԳՆԱՑ՝ ԻՐ

ԲԵՐԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՄԱՀԱՊԱՐՏ ԴԱՌՆԱԼՈՎ

ՇԱՎԱՍՊ ԱՐԾՐՈԻՆՈԻՑ ՍՊԱՆՎԵՑ:

Եվ Հայր մարդպետը չար ու չարամիտ մարդ էր, ավելի անօրեն և անիրավ, քան նախկին հայր մարդպետները։ Սա էր, որ Տիրանի թագավորության ժամանակ կոտորեց բոլոր նախարարական ցեղերը և այսպես Արշակի թագավորության ժամանակ ավելի շատ չարիքներ էր գործում բոլոր մարդկանց նկատմամբ, քան առաջ։ Արդ՝ սա դուրս էր եկել և շրջում էր իր մարդպետության մեջ. ապա նա եկավ իջավ Տարոն գավառը՝ իր գյուղերը տեսնելու։