Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ սուրբ եպիսկոպոսապետը երբ այս լսեց, ասաց. «Մեր տեր Հիսուս Քրիստոսը նախ այս տեղն ընտրեց, որ իր անունով կոչի, որի անունը ամեն տեղ փառավորվում է իր հոր և սուրբ հոգու հետ։ Նա պատվիրեց ուրիշների ունեցածին աչք չդնել ու չցանկալ։ Իսկ ով որ ագահաբար աչք է դնում և ցանկանում է նրան նվիրվածին՝ նա չի հասնի այն նպատակին, ինչ որ սպառնաց, այլ նրա գործած բազմաթիվ մեղքերը նրա մտադրությունը կխափանեն»։

Սրանից հետո Հայր մարդպետը սուրբ տեղերից հեռացավ և իջավ Եփրատ գետի ափը, խիտ անտառով ծածկված հովիտը, մամուխի ծառերի թավուտները, երկու գետերի խառնուրդի մոտ, որտեղ հնուց ի վեր մի քաղաք է շինված եղել Սանատրուկ թագավորից Մծուրք կոչված տեղում։

Երբ նա այստեղ հասավ, տիրոջ բարկության դատաստանը շարժվեց անօրեն Հայրի, նրա գործերի և նրա խոսածների վրա։ Նա մատնվեց մի մարդու ձեռքը, որ կոչվում է Շավասպ և Արծրունյաց ցեղի մնացորդն էր։ Երբ նա կառք նստած գնում էր ճանապարհով, Շավասպը նրա մոտ եկավ, սկսեց իր գլխից հնարել և ասաց, «Մի արջ տեսա ձյունի նման սպիտակն։ Նա այնքան հրապուրեց մարդպետին, որ սա կառքից իջավ, ձի հեծավ, սկսեցին անտառում (արջին) հետևել։ Երբ թավուտների մեջ ընկան, Շավասպը փոքր-ինչ ետ մնաց և Հայր ներքինուն ետևից մեջքին խփեց Նետով, այնպես որ նետը նրա մարմնով անցավ։ Նա գետին գլորվեց ու սպանվեց։ Այսպես՝ աստծու մարդու ասածները անմիջապես կատարվեցին, որովհետև աստծու մարդու ոչ մի խոսքը գետին չէր ընկնում։