Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկրորդ և երրորդ մասերում, բայց որքան մեզ հայտնի է՝ սրանք լույս չեն տեսել:

Ղ. Ալիշանը («Հայապատում», Վենետիկ, 1901) Պատմության հեղինակին համարում է հունահայ, այսինքն Հայաստանի հունական բաժնում ծնված բնիկ հայոց ծնունդ, որ երկար ժամանակ, գուցե մանկությունից ի վեր, ապրած ու վարժված է Բյուզանդիոնում: Պրոկոպիոսը նրա Պատմությունից է առել Արշակ Բ-ի՝ Անհուշ բերդն աքսորվելու և մեռնելու պատմությունը, և սրանից Ղ. Ալիշանը հետևցնում է իբրև անտարակուսելի ապացույց, թե Փավստոսի Պատմությունը գրված է եղել հունարեն, պատմած անցքերին ժամանակակից և ականատես անձի կողմից, մոտ մի դար հետո թարգմանվել է հայերեն: Հեղինակին նա համարում է աշխարհական մարդ: Պատմության մեջ նկատվող կրկնաբանությունները և ճոխությունը Ղ. Ալիշանը ավելի վերագրում է թարգմանեին, քան հեղինակին: Քանի որ Պատմությունն սկսվում է Գ դպրությամբ, սրանից ենթադրվում է Ա և Բ դպրությունների գոյությունը: Այս մասին որոշակի կարծիք չունի Ղ. Ալիշանը: Նա համարում է, որ այս դպրությունները կա՛մ կորած են, կա՛մ նրանց տակ հասկացվում է Ագաթանգեղոսի գրածը, կամ մի ուրիշ պատճառ:

Ն. Ադոնցը («Начальная история Армении у Себеоса», «Визант. Временник», 1901, т. VIII, No No 1,2), խոսելով Սեբեոսի, Մար-Աբաս Մծուրնացու և Մ. Խորենացու Պատմության փոխհարաբերության մասին, շոշափում է նաև Փավստոս Բյուզանդացու հարցը. նրա կարծիքով՝ Փավստոսի Պատմությունը նախ գրված է եղել հունարեն, չորրորդ դարի վերջերին կամ հինգերորդի սկզբներին, մեսրոպյան այբուբենի հնարումից առաջ, և հինգերորդ դարում թարգմանվել է հայերեն: Նա պարունակելիս է եղել վեց դպրություն՝ Ա—Ջ, որոնցից առաջինը բովանդակել է հայոց նախնական ժամանակի պատմությունը (Մար-Աբաս Մծուրնացի փիլիսոփայից). Երկրորդ դպրությունը՝ Թադեոս առաքյալի քարոզությունը, իսկ Գ—Զ դպրությունները՝ Խոսրով Կոտակից այս կողմ, ինչ որ հասել է մեզ: Ադոնցի կարծիքով՝ Պատմության հայ թարգմանիչը բաց է թողել առաջին երկու դպրությունները, առաջինը՝ որովճետև հեթանոսական ժամանակի պատմություններ են, որոնք նեղահայաց կրոնավոր թարգմանչի համար անհանդուրժելի էին, երկրորդը՝ որովճետև առանձին գրքով գոյություն ուներ, այնպես որ նա թարգմանել է միայն Գ—Զ դպրությունները, և Ղազար Փարպեցին այս հայերեն թարգմանությամբ է ծանոթ Փավստոսին, ուստի և նրա այժմյան Գ դպրությունը ճանաչում է ինչպես Առաջին դպրություն: Պրոկոպիոս պատմիչը ծանոթ է եղել Փավստոսի Պատմությանը, որը կոչում է Հայոց պատմություն և նրանից քաղվածքներ է անում: Խորենացին ևս ծանոթ է Փավստոսի լիակատար Պատմությանը (Ա—Զ դպրություն), և ինչպես որ նրա Գ գիրքը համառոտությունն է Փավստոսի Գ—Ջ դպրությունների, այնպես էլ, հավանորեն, նրա Ա և Բ գրքերը ճամառոտությունն են Փավստոսի այժմ կորած Ա և Բ դպրությունների՝ լրացված ուրիշ աղբյուրներով: Փավստոսը