Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանակը։ Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց՝ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ՝ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան տարան գլխատելու տեղը։ Նրա կինը նույն վաշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում՝ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես մեծ եպիսկոպոսապետը։ Կինը հասնելով եպիսկոպոսապետի մոտ՝ գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը։ Ճիչ բարձրացրեց՝ ասելով. «Շտապի՛ր, հասի՛ր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով՝ վազում է թագավորի սենյակը, դռանը հասնելով՝ ներս է ընկնում թագավորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ (Գնելը) չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսը ծածկում է՝ խռմփացնելով՝ իբր թե քնած է 98, որպես թե նրա խոսքերը չի լսում։

Իսկ սուրբ Ներսեսը մոտեցավ, բռնեց թագավորից, սկսեց խոսել նրա հետ և ասաց. «Հիշի՛ր, թագավո՛ր, մեր տիրոջը, որ մեր սիրո համար իջավ իր բուն բարձրությունից, եղբայր դարձավ մեզ՝ անարժան ծառաներիս, ոչ ուրիշ նպատակով, այլ միայն որպեսզի սիրո վարդապետող լինի, որպեսզի մենք էլ մեր աստվածային վարդապետին նայելով՝ միմյանց խնայենք, միմյանց երկյուղածությամբ սիրենք, իրար վնասել չհամարձակվենք։ Իսկ եթե դու քո եղբորը, ծառայակցին, ընկերակցին ու հարազատին չխնայես, մեր տերն էլ, որ կամավորապես մեզ եղբայրակից է դարձել, քեզ չի խնայի։ Որովհետև նա մեզ այսպես ասաց. «Ով ձեզ լսում է, ինձ է