Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բասեն գավառը և անտառի մեջ, տեղնուտեղը սպանեցին Տիրիթին, սրտեղ հանդիպեցին նրան։ Սրանից հետո Արշակը իրեն կին առավ սպանված (Գնելի) կնոջը՝ Փառանձեմին։ Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին, ասելով, թե մարմնով թավամազ է և գույնով թուխ։ Վերջը, երբ կնոջ սիրտը նրան չկպավ, Արշակ արքան մարդ ուղարկեց Հունաց երկիրը և այնտեղից կայսերական տոհմից, խնդրեց, բերել տվեց իրեն կին Ողոմպի անունով։ Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախանձը։ Փառանձեմը սրտում ոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում նրան սպանելու։ Բայց հետո Փառանձեմը թագավորին մի տղա ծնեց, որի անունը դրին Պապ. նրան մեծացրին, չափահաս դարձրին։ Երբ նա առույգ պատանի դարձավ, նրան պատանդ ուղարկեցին կայսեր պալատը, Հունաց երկիրը։

Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում՝ դեղերով նրան սպանելու, բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, մանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում էր նրանց մեկնած գինին։ Երբ ոչ մի հնարք չգտնվեց նրան մահացու դեղերով թունավորելու, ապա անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին Տարոն գավառի Արշամունքից, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ Անարժան, երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չարագործություն, հավիտենական տանջանքի արժանի, չտեսնված, Ասված անարժան գործ կատարեց՝ կյանքի դեղի մեջ մահվան դեղ խառնելով։ Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն՝ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր (հաղորդությունը) և սպանեց։ Անօրեն Փառանձեմի ամենաչար կամքը նրա ուզածի պես կատարելով՝ այս չերեցը նրանից պարգև ստացավ Տարոնի գավառում Գոմկունք կոչված գյուղը, որտեղից ինքն էր։