Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտավ շրջելու Պարսից թագավորի ախոռներից մեկում. իսկ Պարսից թագավորի ախոռապետը նստած էր ներսը՝ ախոռում. երբ նա թագավորին տեսավ, լվի տեղ անգամ չդրեց, ոչ մի մեծարանք ու պատիվ ցույց չտվեց, դեռ նրան ծաղրի և անարգանքի ենթարկեց՝ պարսկերեն լեզվով ասելով. «Հայոց այծերի թագավոր, եկ այս խոտի խրձի վրա նստիր»: Երբ այս խոսքերը լսեց Հայոց մեծ զորավար և սպարապետ Վասակը՝ Մամիկոնյան տոհմից, սաստիկ բարկացավ ու զայրացավ, քաշեց իր սուրը, որ մեջքից կախած ուներ, զարկեց, տեղնուտեղը գլխատեց Պարսից թագավորի ախոռապետին հենց ախոռի մեջ, որովհետև նա չկարողացավ լսել և տանել իր թագավորի անարգանքները։ Նա ավելի լավ համարեց շատ անգամ մահը աչքի առաջ ունենալ, քան լսել իր տիրոջը հասցված վիրավորանքներն ու անարգանքը։ Երբ նրանք Պարսից աշխարհումն էին, օտար երկրում, օտարների ներկայությամբ, նա կարողացավ հանկարծ աներկյուղաբար այսպիսի բան անել։ Իսկ Պարսից թագավորը երբ այս բանը լսեց, մեծ շնորհակալության հայտնեց Վասակ զորավարին, զարմանալով նրա քաջասրտության և մեծ աներկյուղության վրա։ Շատ պարգևներ ու պատիվներ տվեց նրան՝ գովելով նրա քաջությունն ու տիրասիրությունը։ Այս պատճառով էլ շատ սիրում էր նրան, նրա արժանիքի համաձայն պատվում ու մեծարում էր նրան ամեն ժամանակ, քանի դեռ սրանց միջև հաշտություն ու խաղաղություն էր տիրում։

Արդ՝ մինչ Հայոց թագավորը Պարսից թագավորի մոտ էր, և երկուսի միջև մեծ սեր ու խաղաղություն կար, Պարսից Շապուհ թագավորը երկյուղ զգաց, միգուցե Հայոց Արշակ թագավորը իր սերը ստի, Հունաց կայսրի հետ միաբանվի կամ իրենից անջատվի, որովհետև չէր հավատում նրան, թե նա իր մտերմական սերը կպահի և իր հետ կապած միաբանության ուխտին հաստատ կմնա։ Ուստի պահանջում էր, որ նա երդում տա և սաստիկ ստիպմունքով բռնադատում էր. «Համաձայնվի՛ր,— ասում էր նա,— և քո հավատով երդվի՛ր, որ ինձ չես խաբի, չես դավաճանի»: Երբ սաստիկ ստիպմունքից նեղն ընկավ ու շվարեց, ապա կանչեցին Տիզբոն քաղաքի եկեղեցու քահանաներին, որոնց գլխավորի անունն էր Մա-