Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսակ—տեսակ վշտերով ու հարվածներով նեղում էր քրիստոնյաներին։ Հետո իր իշխանության բոլոր տեղերում հրաման արձակեց, թե «Ով որ իմ իշխանության մեջ քրիստոնյա անունն է կրում, բոլորին պետք է սրի քաշել, որպեսզի իմ իշխանության մեջ չմնա քրիստոնյա անունը կրող ոչ մի մարդ»։ Այնուհետև բյուրերով ու հազարներով կոտորում էին։ որովհետև թագավորից այնպես հրաման տրվեց, որ ոչ մի քրիստոնյա չմնա նրա իշխանության սահմաններում։


Գլուխ ԺԸ

ՎԱՐԴԱՆԻ ՄԱՀԸ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻՑ ԻՐ ԵՂԲԱՅՐ ՎԱՍԱԿ

ՍՊԱՐԱՊԵՏԻ ՆԵՆԳՈՒԹՅԱՄԲ:

Իսկ Վարդանը՝ Մամիկոնյան տոհմի տանուտերը, Պարսից թագավորի կողմից պատգամավոր է գալիս Հայոց Արշակ թագավորի մոտ և (Շապուհի) հրովարտակը մատուցում է նրան։ Նրա կողմից նրա հետ խոսում է խաղաղության, հաշտության և երդումը հաստատ պահելու մասին։ Հաղորդում է (Շապուհի) պատգամը, թե՝ «Ինչ որ եղավ՝ եղավ, այդ հանցանքը մոռացության եմ տալիս. բայց դու այսուհետև հաստատ կաց ուխտիդ և մի՛ դուրս գա քո երդումից, որ տվիր քո հավատով։ Ապա թե ոչ՝ դու գիտես և քո հավատը, որին ստում ես»։ Իսկ Արշակ թագավորը սիրով լսում, ընդունում է այս պատգամը, համաձայնվում նրա ասածներին։ Հետո նա խաղաղությամբ արձակեց մեծ նահապետին, որ իր տունը գնա և հանգստանա երկայն ճանապարհի նեղությունից։ Նա էլ գնաց։

Երբ Վարդան նահապետը Արշակի մոտ եկավ, նրա կրտսեր եղբայրը՝ Վասակը, պատահմամբ թագավորի մոտ չէր։ Իսկ սրանից հետո, երբ Վասակն եկավ, սկսեց թագավորին գրգռել իր ավագ եղբոր դեմ՝ ասելով, թե՝ «Այդ Վարդանն էր, որ քեզ մատնում էր Պարսից թագավորի ձեռքը և ուղում է քեզ կորցնել։ Եթե դու չշտապես, նրան մեջտեղից շվերացնես, թե՛ դու կկորչես և թե՛ Հայոց աշխարհը»: Թագավորի կինն էլ (Փառանձեմը) նույնպիսի խոսքերով գըր-