Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաշառում էր բոլոր մեծամեծներին, որպեսզի հաջողեցնի երկու թագավորների միջև եղած մեծ սերը խզել: Բոլոր մեծամեծները համաձայնություն տվին, իրենց առած ոսկու կաշառքով կուրացան։ Այնուհետև Անդոկը իր խորհրդին դավակից դարձրեց Պարսից թագավորի ավագներից մեկին, որ մի հնարքով, որևէ միջոցով նենգությամբ տարաձայնություն առաջացնի Պարսից Շապուհ թագավորի և Արշակի միջև։ Անդոկը նրան անչափ ու անհամար ոսկի տվեց և նրան խրատ էր տալիս, որ գուշակի կերպարանքով Արշակ թագավորին ասել տա, թե՝ «Գլխիդ ճարը տես. Պարսից թագավորը հաստատ միտքը դրել է քեզ բռնել ու սպանել»։ Երբ դու այս ասես,— ասում էր Անդոկը,— ապա առաջարկիր (թագավորին), որ մեզ խորհրդի կանչի, և բոլոր ավագները քո խոսքը կհաստատեն»։

Պարսից թագավորի խորհրդակիցը գալիս է Հայոց թագավորի մոտ և սկսում է ասել այն բաները, ինչ որ նրան խրատ էր տվել չարագործ Անդոկը. նա ասում է. «Արշակ թագավոր, գլխիդ ճարը տես, որովհետև Պարսից Շապուհ թագավորը միտքը դրել է քեզ բռնել ու սպանել»: Արշակ թագավորը ապշած մնաց այս խոսքերը լսելիս և ասաց. «Իմ այնքան մեծ ծառայության հատուցումն ա՞յս է ուրեմն սրանց կողմից»։ Հրամայում է Արշակ թագավորը իր մոտ կանչել բոլոր իր մեծամեծներին, բոլոր խորհրդականներին, Վասակ սպարապետին, իր աներոջը՝ Անդոկին, և առհասարակ բոլոր եղած նախարարներին, և նրանց պատմեց այն ամենը, ինչ որ լսել էր պարսիկից։ Եվ նրանք բոլորը միաբերան ասացին նրան. «Մենք այդ բանը վաղուց էինք լսել, սակայն չէինք համարձակվում քեզ ասել, բայց դա հաստատ բան է։ Հիմա, թագավոր, այն նայիր, թե ինչպես պետք է քեզ և մեզ փրկես»։ Այն ժամանակ Արշակ թագավորը ոսկու և արծաթի շատ գանձ պարգև է տալիս այն պարսիկին, որ այն խոսքերն իրեն ասել էր։ Արշակ թագավորը մի միջոց մտածեց, կազմակերպվեցին, պատրաստվեցին, և մի գիշեր վեր կացան որքան մարդ որ կային Հայոց բանակում, ձիերը հեծան ու փախան։ Տեղում թողին իրենց խորաններն ու վրանները, իրենց կահավորությունն