Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանակ էր դրել Բասյան գավառում՝ Ոսխա կոչված տեղնրում։ Ապա Արշակ թագավորը գիշերով հարձակվում է Պարսից բանակի վրա, բոլորին սրի է անցկացնում. հազիվ Շապուհ թագավորը միայն մեկ ձիով մազապուրծ ճողոպրում է, փախչում Պարսից աշխարհն ընկնում։ Այն ժամանակ (Հայոց) երեք գնդերից հաղթության ավետարերները հանդիպում են միմյանց։ Բացի Բագոսից, որ ճակատամարտերից մեկում մեռավ, ուրիշ ոչ ոք չէր կորել. աստծուց շնորհվել էր մեծ հաջողություն ու հաղթություն, իսկ (Հայոց զորքերն) ասպատակում են Պարսից աշխարհը, ավերում են մինչև Խարտիզան կոչված կողմերը։ Լիացան բազմաթիվ գանձերով, զենքերով, զարդերով ու շատ ավարով և չափից դուրս հարստացան։


Գլուխ ԻԳ

ՄԵՐՈՒԺԱՆ ԱՐԾՐՈԻՆՈԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ

ԴԵՄ ԱՊՍՏԱՄԲՎԵԼՈՎ՝ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՄՈՏ ԳՆԱՑ ԵՎ

ԱՎԵԼԻ ԵՎՍ ԳՐԳՌՈԻՄ ԷՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ

ՈՒՐԱՑԱՎ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ԱՅՆՈԻՀԵՏԵՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՆԳԱՐԻՉՆ

ԵՂԱՎ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ:

Այն ժամանակ Հայոց թագավորի դեմ ապստամբվեց մեծ նախարարներից մեկը Արծրունյաց ցեղից՝ Մերուժան անունով։ Նա գնաց ներկայացավ Պարսից Շապուհ թագավորին և երդումով ուխտ դրեց նրա հետ, որ առմիշտ նրա հպատակը կլինի։ Նախ ուրացավ իր կյանքը, իր աստվածը, որովհետև հրաժարվեց քրիստոնեությունից և իր մասին վկայեց, թե քրիստոնյա չէ, ընդունեց մազդեզանց՝ այսինքն մոգերի կրոնը, երկրպագեց արեգակին ու կրակին. խոստովանեց, թե աստվածները նրանք են, որոնց պաշտում է Պարսից թագավորը։ Նա ուխտ դրեց Պարսից Շապուհ թագավորի հետ, թե ապագայում եթե Շապուհը կարողանա հաղթել և Հայոց աշխարհը նվաճել, և ես կարողանամ իմ աշխարհը և իմ տունը վերադառնալ. նախ ես,— ասում է,— կշինեմ իմ սեփական տանը ատրուշան այսինքն կրակը պաշտելու տուն։ Կյանքի և մահվան ուխտ է գնում նրանց հետ խոսքով