Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ալաններին, որոնք գալիս են Հայոց թագավորին օգնության պարսիկների դեմ։ Նույն այդ ժամանակ Պարսից թագավորն էլ իր բոլոր գույքերով շարժվում գալիս է Հայաստան աշխարհի վրա՝ սրանց դեմ. սրանք էլ շտապով հասան Ատրպատական և Պարսից զորքը գտան բանակ գրած Թավրեշում։

Վասակ սպարապետը հասնում է քսան բյուրով, հարձակվում է Պարսից բանակի վրա։ Թագավորը մի ձիով ճողոպրած փախչում է. (հայերը) ավար են առնում պարսիկների ամբողջ կարավանը, Պարսից բազմաթիվ զորքն ամբողջապես կոտորում են և բանակից վերցնում են շատ ավար, որ հաշիվ չուներ։ Ասպատակում են ամբողջ Ատրպատական աշխարհը, քարուքանդ են անում երկիրը. հիմքից կործանում են և գերիներ են բերում այնտեղից աստղերի բազմությամբ. այդ երկրի բոլոր մարդկանց սրի են քաշում և իրենց երկրի սահմաններին պահապան կանգնելով՝ մեծ զգուշությամբ պահպանում էին։


Գլուխ ԻԶ

ՎԻՆ ՊԱՐՍԻԿԻ ԵՎ ՉՈՐՍ ՀԱՐՅՈԻՐ ՂԱԶԱՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ

ԵԿԵԼ ԷԻՆ ՀԱՅՈՑ ՎՐԱ ԵՎ ՊԱՐՏՈԻԹՅՈԻՆ ԿՐԵՑԻՆ

ՀԱՅՈՑ ԶՈՐՔԵՐԻՑ:

Ապա Պարսից Շապուհ թագավորը Վինին չորս հարյուր հազար զորքով հանեց Հայոց Արշակ թագավորի դեմ։ Գալիս է Վինը և ասպատակում Հայոց աշխարհի բոլոր սահմանները։ Երբ Հայոց Արշակ թագավորն այս իմացավ, վրա հասավ Պարսից զորքերին, ամբողջ նրանց զորքը կոտորեց, առհասարակ սրի քաշեց, մնացածներին քշեց մինչև Պարսկաստանի սահմանները։ Նրանց կոտորեցին և իրենք ետ դառնալով՝ պահպանում էին ճակատի տեղը։