Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԼԱ

ԳՈԻՄԱՆԴ ՇԱՊՈԻՀԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՄԵԾ ՊԱՐԾԱՆՔՈՎ ՊԱՐԾԵՑԵԼ ԷՐ

ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՌԱՋ ԵՎ ՀԱՏՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ ԵԿԱՎ

ԻՆԸ ՀԱՐՑՈԻՐ ՀԱԶԱՐ ԶՈՐՔՈՎ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱՐՏՈԻԹՏՈԻՆ ԿՐԵԼՈՎ

ՉԱՐԱՉԱՐ ՀԱԼԱԾՎԵՑ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՑ:

Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորի կողմից ուղարկված Գումանդ Շապուհը, որ պարծեցել էր թագավորի առաջ, գալիս է ինը հարյուր հազար զորքով։ Նա գալիս հասնում է Հայոց աշխարհը, իր ձեռքի տակ առաջնորդ ունենալով չարագործ Մերուժանին, որ Հայոց աշխարհից էր, Արծրունյաց տոհմից։ Եկավ հասավ Հայոց սահմանները պահպանող սահմանապահ (գունդը), գտավ անփույթ և անզգույշ. ներս թափվեցին, սփռվեցին ամբողջ Հայաստան աշխարհում, ավարելու, քանդելու, ավերելու ամբողջ Հայաստանը։ Ապա Հայոց Վասակ զորավարը կազմակերպվում, պատրաստվում է, հասնում հարձակվում է արքայական գնդի վրա, նախ Գումանդ Շապուհին է սպանում։ Ապա Հայկական զորքը Պարսից ցրված զորքերի վրա ասպատակելով բոլորին կոտորում է առանց մի մարդ կենդանի թողնելու։ Բայց միայն չարագործ Մերուժանը մի ձիով ճողոպրելով փախչում ընկնում է Պարսից աշխարհը։


Գլուխ ԼԲ

ԴԵՀԿԱՆ ՆԱՀԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ

ՄԵԾ ԶՈՐՔՈՎ ՈԻՂԱՐԿՎԵՑ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ, ԵՎ ՀԱՅՈՑ

ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ ՀԱՍԱՎ ԿՈՏՈՐԵՑ ՆՐԱՆՑ:

Այս բոլորից հետո Պարսից Շապուհ թագավորը զորք է ժողովում ու կուտակում անչափ և անհամար բազմությամբ, ինչպես ավազը ծովի ափին, չորս հարյուր բյուր լավ սպառազինված մարդիկ, նիզակ գործածողներ։ Եվ Դեհկան նահապևտին, որ տոհմով ազգակից էր Հայոց թագավորներին, այսինքն՝ Մամիկոնյաններին, (այս զորքով) ուղարկում է Հայոց աշխարհը, Հայոց Արշակ թագավորի դեմ: