Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա գալիս հասնում է Հայաստանի սահմանները, բայց ծուլացած կամ քնած չի գտնում հայերին, նրանք կազմ և պատրաստ էին պատերազմական գործին։ Եվ Վասակ զորավարը նրանց դեմ է դուրս գալիս յոթանասուն հազարով, ջարդում կոտորում է Պարսից բոլոր զորքերը, սպանում է իր ազգական Դեհկան նահապետին և մնացածներին իրենց առաջը գցելով ձի հեծած հալածում փախցնում է։ Բայց Մերուժան Արծրունին, որ նրանց առաջնորդում էր, փախչելով փրկվում է։


Գլուխ ԼԳ

ՍՈՒՐԵՆ ՊԱՀԼԱՎԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆՈՒՅՆՊԵՍ ԵԿԱՎ ՄԵԾ

ԶՈՐՔՈՎ ԵՎ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՆՄԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ:

Պարսից Շապուհ թագավորը նորից զորք է հավաքում, կազմակերպում և պատրաստում է բազմաթիվ գնդեր և անթիվ փղեր, ընտիր ու պատերազմող մարդիկ, Սուրեն Պահլավի (ձեռքի տակ), որ Հայոց Արշակ թագավորին ազգական էր, և Մերուժանի առաջնորդությամբ արձակում է նրանց վրա։ Ապա Հայոց Վասակ զորավարն էլ վեր կացավ գնաց նրանց դեմ երեսուն հազարով։ Սուրենի հետ ընդհարվեց, նրան սպանեց, զորքերը կոտորեց։ Բայց պիղծ Մերուժանը փախչում է։


Գլուխ ԼԴ

ԱՊԱԿԱՆ ՎՍԵՄԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՆՈՒՅՆՊԵՍ ԵԿԱՎ ԱՅՍ

ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻՆ ԵՎ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՆՄԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ

ՀԱՆԴԻՊԵՑ:

Սուրենից հետո եկավ Վսեմականը. սա գալիս հասնում է անթիվ զորքերի բազմությամբ. Մերուժանն էլ Պարսից Շապուհ թագավորի կողմից առաջնորդ էր նշանակված Հայոց աշխարհի դեմ պատերազմելու համար։ Ապա Վասակ Հայոց սպարապետն ուղարկվեց նրանց ընդառաջ։ Զարդում