Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձորա կոչված տեղում, դռներ դրին և իրենց երկիրը Հայաստանից զատեցին։

Սրանից հետո Գուգարքի բդեշխը, իսկ դրանից հետո Սորա գավառի տերը, Կողբի գավառի տերը, նրանց հետ նաև Գարդմանաձորի տերը և բոլոր նրանք, որ այդ կողմերն էին գտնվում, նրանց մոտ և շուրջն էին, միասին ապստամբվեցին Արշակ թագավորի դեմ և գնացին Պարսից Շապուհ թագավորի առաջ կանգնեցին։ Հայոց Արշակ թագավորի դեմ ապստամբվեցին նաև Արձախի ամուր գավառը, Տմորիքի ամուր գավառը և Սորդիքի ամուր աշխարհը, հետո նաև Սորդիք գավառի տերը գնաց կանգնեց Պարսից Շապուհ թագավորի առաջ։

Սրանից հետո Հայոց թագավորի դեմ ապստամբվեց Հայոց թագավորական տան սեփական իշխանությունը Ատրպատական աշխարհում, Հայոց թագավորից հեռացավ նաև Սաղրից աշխարհը. Հայոց թագավորին թողեց ու հեռացավ Անձիտի տեր Սաղամուտը և նրա հետ Մեծ Ծոփքի իշխանը, նրանք գնացին Հունաց թագավորի մոտ։ Միջնաշխարհում մնացածները երկմտեցին թագավորից և չէին կամենում նրան լսել ու ոչ մի բան անել, ինչ որ նա կամենում էր։ Եվ թագավորությունը մեծապես քայքայվեց։

Եվ Վահանը՝ Մամիկոնյան տոհմից, Վասակ սպարապետի եղբայրը, հրապուրվեց Մերուժան Արծրունու խոսքերից, որ իր քրոջ որդին էր։ Նա էլ ապստամբվեց Հայոց Արշակ թագավորի դեմ և գնաց կանգնեց Պարսից Շապուհ թագավորի առաջ։ Նրա սիրտը գրավեց, ուրացավ իր քրիստոնեական կրոնը և հանձն առավ ծառայել մոգության կրոնին. այսինքն՝ երկրպագել կրակին, ջրին և արեգակին, ուրանալով քրիստոնեական հավատը, որի մեջ ծնվել էր։ Եվ նա հաճելի դարձավ Պարսից թագավորին ու ամբաստանություններով գրգռում էր Հայոց Արշակ թագավորի և իր տիրոջ Վասակի դեմ. հիշեցնում էր նաև Վարդանի մահը, թե քո պատճառով մեռավ։ Այնուհետև նա սիրելի դարձավ Շապուհ թագավորին, և նա Վահանին կնության տվեց իր Որմիզդուխտ քրոջը, շնորհեց նրան այն բարձն ու պատիվը, որ սկզբում ունեին, իր մտերիմ փեսան դարձրեց, իր զորքերի