Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարան են ասում, նախ այն երդումը դրժեց։ Ես բյուր բարիքներ կամեցա նրան անել, ինչպես հայրը որդուն, իսկ նա բարիքի դեմ չարիք հատուցեց ինձ։ Ես Տիզբոն քաղաքի եկեղեցու քահանաներին կանչեցի, կարծելով, թե նրանք նենգությամբ նրան երդվեցրին և ինձ ստել տվին։ Երբ ես նրանց նախատում էի, ինչպես մահապարտների, ինձ ասաց նրանց գլխավորը՝ Մարի քահանան։ Ասում էին. «Մենք նրան արդարությամբ երդվեցրինք, իսկ եթե նա իր երդումը դրժեց, ապա նույն ավետարանը նրան էլի ձեր ոտքը կբերի»։ Ես նրանց չլսեցի և հրամայեցի նրանց—յոթանասունին մի փոսի մեջ մորթոտել, իսկ նրանց հավատակիցներին հրամայեցի սրի քաշել։ Այն ավետարանը, որի վրա Արշակ թագավորը երդվեց, որ և նրանց քրիստոնեական կրոնի գլխավոր (դիրքն) է, շղթաներով կապեցի, և գրանցվում է իմ գանձարանում։ Բայց միտքս եկան Մարի քահանայի խոսքերը. և հիշեցի, որ նա ասում էր. «Մեզ մի՛ սպանիր. ես գիտեմ, որ նույն ավետարանը Արշակ թագավորին կբերի քո ոտքը»։ Ահա նրա ասած խոսքերն իսկությամբ կատարվեցին։ Որովհետև Հայոց Արշակ թագավորը ահա երեսուն տարի է, որ Արյաց հետ պատերազմ է մղում, և. ոչ մի տարի մենք չկարողացանք հաղթել, իսկ այժմ ինքն իր ոտքով ելել եկել է ինձ մոտ։ Բայց եթե գիտենայի, թե այսուհետև նա կմնա իմ պայմանին և հնազանդության անկեղծ ուխտով, ապա շատ մեծարանքներով նրան խաղաղությամբ կուղարկեի իր աշխարհը»։

Քավդյաները նրան պատասխան տվին և ասացին. .«Այսօր մեզ ժամանակ տուր, վաղը քեզ կպատասխանենք»։ Հաջորդ օրը բոլոր քավդյաներն ու աստղահմաները հավաքվեցին եկան և ասացին թագավորին. «Հիմա որ Հայոց Արշակ թագավորը եկել է քեզ մոտ, ինչպե՞ս է քեզ հետ խոսում, ի՞նչ լեզու է բանեցնում, կամ ինչպե՞ս է իրեն պահում»։ Թագավորն ասաց. «Նա իրեն համարում է ինչպես մեկը իմ ծառաներից. ուզում է իմ ոտքի հողը դառնալ»։ Նրանք ասացին թագավորին. «Դե , արա ինչ որ քեզ ասում ենք. նրանց այստեղ պահիր, մարդիկ ուղարկիր Հայոց աշխարհը, բերել տուր այնտեղից՝ Հայաստանի սահմաններից