Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։


Գլուխ ԾԵ

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՐՎԱԾՆԵՐԸ ԵՎ ԱՎԵՐՄՈՒՆՔԸ.

ՓԱՌԱՆՁԵՄ ՏԻԿՆՈՋ ԳԵՐԻ ՏԱՐՎԵԼԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ ԵՎ ՉԱՐԱՉԱՐ

ՄԱՀԸ: ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԱՎԵՐՄՈՒՆՔԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՀԻՄՆՈՎԻՆ

ԿՈՐԾԱՆՎԵԼԸ:

Այնուհետև Պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհի վրա ուղարկեց իր իշխաններից երկուսին, մեկի անունը Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինգ հարյուր բյուր զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն։ Նրանք եկան Հայոց աշխարհի վրա։ Երբ Հայոց աշխարհի տիկինը՝ Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ Պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և Պարսից զորքերից խույս տալով դիմեց գնաց Արտագերս բերդը Արշարունյաց գավառում։ Հետո Պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին։ Իսկ նրանք ներսը ամրացան հույս դնելով տեղի ամրության վրա, իսկ սրանք բանակ զարկելով նստեցին դուրսը, ձորերի շուրջը։ Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին և չկարողացան բերդն առնել, որովհետև տեղը շատ ամուր էր։ Ամբողջ երկիրը քանդեցին, ավերեցին, դուրս էին գալիս շրջակա գավառները և երկրները ավարի էին առնում, մարդիկ և անասուններ գերելով բերում էին իրենց բանակը, ուրիշ տեղերից կենսամթերք էին բերում և ուտում՝ բերդը պաշարման մեջ պահելով։

Իսկ Պապը՝ Արշակի որդին, այդ ժամանակ Հայոց աշխարհում չէր. նա Հունաց թագավորի մոտ էր, իսկ ազատների տոհմերից բաղկացած ամբողջ բանակը այս բաները լսելովգնաց իրենր համար օգնություն խնդրե-