Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու. նրանց զորագլուխն էր Մուշեղը՝ Վասակ սպարապետի որդին։ Նրանք գնացին իրենց արքայորդու մոտ և բանակցում էին Հունաց թագավորի հետ, նրան համոզում էին իրենց թիկունք լինել։ Իսկ Հայոց աշխարհը նրանք հաճախ սուրհանդակներ էին ուղարկում երկրի տիկնոջ՝ Փառանձեմի մոտ, որ տոկա, բերդը պաշտպանի, Պարսից ձեռքը չհանձնվի։ Նրա որդուց՝ Պապի կողմից էլ հաճախակի պատվիրակներ էին գալիս շաբաթ շաբաթի վրա, գաղտնի դռնով մի հնարով բերդն էին մտնում, սիրտ էին տալիս տիկնոջը, այսպես բերդի պաշարումը տևեց տասներեք ամիս։ Իսկ պատվիրակները շարունակ գնում գալիս էին՝ ասելով, թե՝ «Պի՛նդ կաց, Պապ որդիդ դալիս է և կայսերական գունդ է բերում օգնության»։ Այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին. «Մի քիչ էլ, մի փոքր ժամանակ էլ համբերի՛ր, օգնությունը հասել է»։

Տասնչորսերորդ ամսից հետո աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա. բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս։ Փառանձեմ տիկնոջ առաջ սեղանատանը նստած ուտում խմում ուրախանում էին, և հանկարծ մի ժամում հարյուր մարդ, մյուսում երկու հարյուր, պատահում էր, որ մինչև հինգ հարյուր մարդ մեռնում էին, մինչ սեղան էին բազմած լինում։ Եվ այսպես օրեցօր կոտորվում էին։ Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտևեց, որ բոլորը կոտորվեցին, մոտ տասնմեկ հազար տղամարդ և մոտ վեց հազար կին. մի ամիս չանցավ, որ բերդում եղածները բոլորը կոտորվեցին. բերդում մնաց միայն տիկին Փառանձեմը երկու նաժիշտով։

Ապա գաղտնի կերպով բերդը մտավ ներքինի Հայր մարդպետը և տիկնոջը սաստիկ նախատեց ինչպես մի բոզի: Սկսեց նախատինքներ թափել Արշակունյաց տոհմի վրա, թե վատախորհուրդ, վատանշան են, Հայոց աշխարհն էլ կորցրին. «տեղն է՝ ինչ որ ձեզ պատահեց, և ինչ որ էլի պիտի պատահի»։ Գաղտնի դուրս եկավ ու փախավ։ Իսկ տիկին Փառանձեմը տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց և Պարսից զորքը թողեց բերդից ներս։ Եկան