Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առան Երվանդաշատ մեծ քաղաքն էլ. այստեղից դուրս բերին քսան հազար տուն հայ և երեսուն հազար տուն հրեա, իսկ քաղաքը հիմնահատակ կործանեցին։ Հետո առան Բագրևանդի Զարեհավան քաղաքը, այնտեղից էլ գերի վերցրին հինգ հազար տուն հայ և ութ հազար տուն հրեա և քաղաքը հիմնիվեր կործանեցին։ Առան նաև Զարիշատ մեծ քաղաքը Աղիհովիտ գավառում, (գերի վերցրին) տասնչորս հազար տուն հրեա և տասը հազար տուն հայ և այն էլ հիմնահատակ կործանեցին։ Առան նաև Վան ամուր քաղաքը Տոզբ գավառում, կրակ տվին այրեցին, հիմքերը քանդեցին. այնտեղից էլ դուրս բերին հինգ հազար տուն հայ և տասնութ հազար տուն հրեա։

Հրեաների այս ամբողջ բազմությունը, որ Հայոց աշխարհից գերի տարան, Հայոց Տիգրան մեծ թագավորը բերել էր Պաղեստինից հին ժամանակ, երբ նա գերեց և Հայաստան բերեց հրեաների Հյուրկանոս քահանայապետին։ Տիգրան մեծ թագավորը այս բոլոր հրեությունը իր դարում բերեց բնակեցրեց Հայաստանի քաղաքներում: Իսկ այս ժամանակ (պարսիկները) ավերեցին այդ քաղաքները, նրանց բնակիչներին գերեցին, նրանց հետ միասին Հայոց ամբողջ աշխարհն ու գավառները։ Դուրս բերին գերիներ զանազան գավառներից, կողմերից, ձորագավառներից, աշխարհներից, հավաքեցին բերին Նախճավան քաղաքը, որ իրենց զորքերի բանակատեղն էր։ Այս քաղաքն էլ առան, քանդեցին, այնտեղից էլ հանեցին երկու հազար տուն հայ և տասնվեց հազար տուն հրեա ու մյուս գերիների հետ տարան։ Հայոց աշխարհում թողին ոստիկաններ ու վերակացուներ՝ երկրի մնացորդ ժողովուրդը հպատակեցնելու, իսկ իրենք տիկին Փառանձեմին առնելով գանձերով ու բազմաթիվ գերիներով տարան Պարսից աշխարհը. եկան, բերին հասցրին Պարսից աշխարհը, Շապուհ թագավորի մոտ։ Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհը և Հայաստանի բոլոր գերությունն ու գանձերը և Փառանձեմ տիկնոջը թագավորի առաջը հանեցին, Պարսից թագավորը մեծ շնորհակալություն հայտնեց իր զորավար-