Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներին։ Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց, և այս բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա՝ անասնական պիղծ խառնակության համար: Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին։ Իսկ գերիների ամբողջ բազմությունը տարան բնակեցրին մի մասը Ասորեստանում, մյուս մասը՝ Խուժաստան երկրում։


Գլուխ ԾԶ

ԶՎԻԹ ՔԱՀԱՆԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ:

Երբ Հայաստանի բոլոր գերիներին տարան հասցրին Պարսից աշխարհը, Արտաշատ քաղաքի Զվիթ քահանային էլ Պարսից Շապուհ թագավորի առջև բերին։ Պարսից Շապուհ թագավորը նայում տեսնում է Զվիթ քահանային, որ բարձրահասակ, բարեկազմ մարդ էր, հասակով երիտասարդ, բայց գլխի մազերն արդեն ալևորվել էին, իսկ մորուքը դեռ սև էր։ Ապա առաջին անգամ խոսելիս ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ մարդու չարությունը, հենց մազերից երևում է, որ դա կախարդ է, որովհետև մազերն սպիտակ են, մորուքը՝ սև»։ Իսկ քահանան պատասխան տվեց ու ասաց, «Եթե խոսել ես ուզում, խոսիր ինչ որ կամենում ես, բայց մազերիս մասին իմացիր, որ դրանք իրավացի են սպիտակել, որովհետև շատ ավելի մեծ են տարիքով, գոնե տասնհինգ տարի վաղ են բուսել, քան մորուքս»։ Թագավորը հրամայում է պահել նրան մինչև հաջորդ առավոտը։ Մյուս օրը հրամայեց շղթաներով նրան հրապարակը բերել։ Եկան արքունական ոստիկաններն ու հարցրին, թե հանձն կառնի՞ մոգության կրոնը պաշտել, այն դեպքում չի մեռնի։ Նա չհամաձայնվեց, այլ ուրախությամբ կամեցավ մեռնել աստծու համար։ Իր մահվան վերակացուներից խնդրեց թույլ տալ, որ մի քիչ աղոթի։ Եվ առաջ անցնելով ծունկ չոքեց և ասաց.