Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհի բոլոր մարդիկ, մեծ ու փոքր գավառների տերերը փնտրում էին Ներսես մեծ հայրապետին։ Նրանք հավաքվելով փնտրում էին ներսես մեծ կաթողիկոսին, որովհետև գիտեին, որ նա կարող է աղոթք անել և աստծուց խնդրել Հայոց ամբողջ աշխարհին շենություն ու փրկություն թշնամիներից, որովհետև ինչ որ նա աստծուց խնդրեր, աստված նրան տալիս էր, բացի սրանից, նա իր իմաստությամբ կարող էր իրենց օգտակար խրատներ տալ։ Ուստի կարևոր էին համարում փնտրել գտնել այն մարդուն, որ կարող էր նրանց օգտակար, իմաստուն խրատներ շնորհել և ըստ ժամանակի հանգամանքների օգտակար խորհուրդներ տալ, որոնցով կարողանային իրենց առջև եղած ճանապարհով ընթանալ։

Ապա ինքը՝ Պապ թագավորը, գնում փնտրում գտնում է ներսես եպիսկոպոսապետին Հայոց ավագանու հետ, աղաչում է նրան, որ հայր լինի բոլոր հայերին, օգտակար խրատներով առաջնորդի և իրենց համար աստծուն խնդրվածք անի։ Մեծ ջանքերով հազիվհազ նրան համոզեցին, որ նրանց հետ արքունական բանակը գնա, որովհետև դեռ Գնելի մահվան ժամանակից մինչև Պապի թագավորության այդ ժամանակը նա արքունական բանակը չէր գնացել։ Իսկ այդ ժամանակ մեծ աղաչանքներով նրան իրենց հետ տարան արքունական բանակը։ Եվ նա նրանց վերակացու և խրատատու եղավ, կարգադրող ու առաջնորդ, և նրանց համար միշտ աստծուն խնդրվածք էր անում, առաջնորդում էր իմաստությամբ, միշտ մասնակից էր նրանց հոգսերին, վշտերն ամոքում էր աղոթքներով և ամենքի համար ամեն բանով իբրև հայր էր երևում։

Այնուհետև Մուշեղ սպարապետը կարգի է բերում, կազմակերպում է Հայոց զորքերի բոլոր գնդերը և զորահանդես է կատարում բոլոր զորքերին, որ նրա ձեռքի տակ հավաքվեցին, թվով տասը հազար։ Եվ կազմակերպված՝ պատերազմի համար սպառազինված գնդերի զորահանդեսը ծածանվող դրոշակներով, բացած նշաններով, բերում հանդիսավոր կերպով ցույց է տալիս իրենց Պապ թագավորին, Ներսես մեծ քահանայապետին և Տերենտ ու Ադե Հոլնաց զորագլուխներին։ Եվ Հայոց Պապ թագավորը մեծ շնորհակալություն է հայտնում Մուշեղ զորավարին ու մեծամեծ պարգևներ շնորհում։