Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լում էր Մուշեղը, մորթերը հանել էր տալիս, խոտով լցնել և պարիսպների վրա կանգնեցնել էր տալիս։ Շատ տեղերում այսպես էր նա անում՝ իր հոր՝ Վասակի վրեժն առնելու համար։

Շինում էին թշնամիներից ավերված բոլոր տեղերը, եկեղեցիները նորոգում, և թագավորությունը հետզհետե նորոգվում էր, և գործերը կամաց-կամաց կարգի էին ընկնում, հաջողվում էին։ Իսկ սուրբ Ներսեսը՝ իմաստուն հայրապետը, առաջնորդում, լուսավորում էր, խրատում ու կարգավորում, շինում էր աղքատների համար ապաստարան, ինչպես ի բնե սովոր էր. կարգավորում էր և թագավորության վիճակը ամենաբարի կարգերով, ինչպես տեսել էր հին թագավորների Ժամանակ։ Մանավանդ նա բարեկարգեց եկեղեցական պաշտամունքի, եպիսկոպոսների, քահանաների ու սարկավագների կարգը. եկեղեցիների և վկայանոցների շենքերը ամբողջապես նորոգեց ու բարեկարգեց։

Հայոց Մուշեղ զորավարը իր թագավորի՝ Պապի հրամանով կազմում է իր գունդը, գնում է երկրի սահմանագլուխը և այնտեղ մնում է՝ զգուշությամբ սահմանները պահելու, երկիրը պահպանելու համար։


Գլուխ Բ

ՀԱՅՈՑ ՄՈԻՇԵՂ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԶԱԿՎԵՑ ՊԱՐՍԻՑ

ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՎՐԱ ԵՎ ՍՈՍԿԱԼԻ ՀԱՐՎԱԾՆԵՐՈՎ ՋԱՐԴ ՏՎԵՑ

ՆՐԱՆ, ԱՅՆՊԵՍ ՈՐ ՇԱՊՈԻՀԸ ՄԻ ՁԻՈՎ ՃՈՂՈՊՐԵՑ:

Ապա Վասակի որդի Մուշեղը՝ Մեծ Հայքի սպարապետը, ընտրեց քառասուն հազար ընտիր և հավատարիմ մարդիկ ազնվականներից ու ազգականներից, միաբան և միակամ, պատրաստեց նրանց համար ձի, զենք, ուտեստ, և իր հետ առնելով գնաց Ատրպատականի սահմանում նստեցի Հայոց աշխարհը պահպանելու համար։ Նույն ժամանակ Պարսից Շապուհ թագավորն էլ իր զորքով ամենայն պատրաստությամբ եկավ Ատրպատական աշխարհը, և նրա բանակի մի