Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղը։ Ապա եկավ նաև Հայոց զորավար-սպարապետ Մուշեղը, բերեց եպիսկոպոսապետ Ներսեսի մոտ իր դրոշակներն ու զենքը, որ օրհնի, և ինքը այնուհետև իջնի պատերազմի։ Այս ժամանակ Պապ թագավորը հիշեց հին զրույցներն ու ասաց. «Ես Հիշեցի, որ Մուշեղը բարեկամ է Պարսից Շապուհ թագավորին։ Դա այն Մուշեղը չէ՞, որ Պարսից Շապուհ թագավորի կանանց ազատ արձակեց ժանվարներով ու պահապան վաշտով։ Այն էլ եմ լսել, որ պարսիկների հետ բանակցություններ ունի։ Թող նա պատերազմ չմտնի»։

Այդ ժամանակ Հայոց զորավար Մուշեղը մեծ քահանայապետ Ներսեսին Պապ թագավորի մոտ բարեխոս է դարձնում։ Իսկ Պապ թագավորն ասում է Ներսես քահանայապետին. «Դու մի՛ բարեխոսիր, որովհետև հենց որ իջնի, Պարսից զորքերին կմիանա»։ Բայց (Ներսեսը) ավելի ու ավելի է բարեխոսում։ Եվ որովհետև այդ ժամանակ թագավորը նրա ոչ մի խոսքից չէր անցնում, ասաց Ներսեսին. «Թող քո կամքը կատարվի, բայց նախ պահանջի՛ր քո աջի վրա երդվել, որ մեզ չի դավաճանի, հետո արձակի՛ր, որ գնա պատերազմի»։ Հետո Մուշեղին կանչեցին թագավորի առաջ, նա եկավ երկրպագեց թագավորին, հետո Ներսես եպիսկոպոսապետի աջը բռնելով երդվեց։ Նույնպես բռնեց Պապ թագավորի ձեռքը և երդվեց՝ ասելով. «Ես կապրեմ ու կմեռնեմ քեզ համար, ինչպես իմ նախնիները քո նախնիների համար, ինչպես իմ հայրը քո հոր՝ Արշակի համար, ես էլ նույնպես (կմեռնեմ) քեզ համար, միայն թե չարախոս մարդկանց չլսես»։

Այնուհետև Հայոց Ներսես քահանայապետը նրան օրհնեց մեծ օրհնությամբ, իսկ Հայոց Պապ թագավորը հրամայեց իր ձին ու նիզակը մատուցել Մուշեղ քաջ զորավարին։ Բայց նա չառավ. «Ես, արքա՛,— ասաց նա,— իմ ունեցածով կգործեմ, իսկ հետո ինչ էլ որ տալու լինես, քո հրամանի տակ եմ»։ Բերեց իր դրոշակն ու զենքը Ներսեսի մոտ, որ օրհնի։ Այնուհետև նա ձի հեծավ, իր գնդով Հայոց զորքի ճակատը հարդարեց Հունաց զորքի աջ կողմում և աջ թևում առաջ շարժվեց:

Իսկ Պապ թագավորն ու Ներսես եպիսկոպոսապետը կանգնած մնացին Նպատ լեռան վրա, և սուրբ Ներսեսը իր մշտատարած ձեռքերը երկինք բարձրացնելով խնդրում էր տիրոջից,