Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ խնայի իր (հավատացյալների) ուխտին և իր սուրբ եկեղեցիներին, որ ստացել էր իր պատվական արյունով. իր ժողովուրդը չմատնի անաստված հեթանոսների ձեռքը, երբեք հեթանոսները չասեն, թե ու՞ր է նրանց աստվածը։

Մինչդեռ նա աղոթում էր աստծուն, Հայոց ամբողջ զորքերի ճակատը կրակի նման գնում էր Պարսից զորքերի դեմ, իսկ Մուշեղի գունդը բոլոր մյուս գնդերից առաջ անցնելով՝ շտապ-շտապ գնում էր. այնպես որ մինչև թագավորը նայում էր, այլևս նրա աչքից թաքնվեց, և Մուշեղի դրոշակներն այլևս չէին երևում թագավորին։ Երբ նրա դրոշակները դադարեցին երևալ, Պապ թագավորը դարձավ Ներսեսին աղաղակելով. «Դու ինձ արմատախիլ արիր, ինձ այրեցիր, ես ասում էի, թե այդ մարդուն պատերազմի մի ուղարկիր. ահա նա գնաց, Պարսից զորքերի հետ միացավ և մեզ մեծ վնաս կհասցնի»։ Ներսես եպիսկոպոսապետն ասաց. «Այդպիսի բան մի մտածիր, թագավոր, նա մեզ չի դավաճանի, դու ինքդ կտեսնես այն քաջությունը, որ ծառա կգործի քո առաջ»։

Իսկ Պապ թագավորը շատ թախանձում էր Ներսես եպիսկոպոսապետին՝ ասելով. «Շատ աղոթք արա, աստծուն աղաչիր, քանի դեռ կռիվը շարունակվում է»։ Երբ շատ ձանձրացրեց, Ներսես եպիսկոպոսապետն ասաց Պապ թագավորին. «Եթե քո սիրտը դարձնես դեպի տերը, նա կգթա քեզ վրա և մեր երկրի վրա. եթե քեզ մաքրես քո պիղծ գործերից, քեզ նա կընդունի, ձեռքից քեզ բաց չի թողնի և քեզ թշնամիներիդ ձեռքը չի մատնի, իսկ ես ո՞վ եմ, որ դու ինձ աղաչում ես, իբրև թե ես, մի ողորմելի մարդ, կարող եմ աստծուն աղոթք անել, որ նա իր կամքից ետ կենա, իր կամեցածին հակառակ վարվի։ Որովհետև նա է, որ ամեն ինչ ոչնչից ստեղծեց, որ ամբողջ տիեզերքը իր բնակիչներով իր ձեռքում պահում է ինչպես մարախ։ Նա երկինքը թզով չափեց և ամբողջ երկիրը իր քիլով, լեռները կշեռքի առավ, դաշտերը կշեռքի մեջ դրեց։ Նա իմացավ իր հոր իմաստությունը և նրան խորհրդակից եղավ, որ և հոր հետ վճռում է բոլոր դատաստանները։ Դե՛ռ այժմ էլ արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավը դրել է կշեռքի մեջ և դեռ կշեռքը վեր բռնած ունի, և նայած թե մեղքերի կշեռքը որ կողմը կհակվի ամեն մի մեղ-