Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամփոփելու մինչև այստեղ ասածներս մենք գալիս ենք այն եզրակացության, որ մեր ձեռքը հասած Փավստոսի Պատմությունը նույն ծավալն ունի, ինչ որ ունեցել է հինգերորդ դարի վերջերին, այսինքն՝ գրվելուց մոտ 20 30 տարի հետո, ուրեմն, ամենայն հավանականությամբ, լրիվ է: Իսկ թև նա ունեցել է և մի սկզբնական մաս, որ դեռ վաղ ժամանակներում անհետացել է որևէ պատճառով, այս դեռ ենթադրական է: Գուցե նոր լավագույն ձեռագրերի երևան գալով կամ բանասիրական խորամուխ հետազոտություններով այս հարցը վերջնականապես լուծվի դրական կամ բացասական կերպով: Բայց մինչև այժմ եղած փաստարկումները հօգուտ այս սկզբնական մասի գոյության և նրա ենթադրական բովանդակության, համոզիչ չեն[1]:

Դառնանք առաջին հարցին՝ հեղինակի ազգությանը: Այս հարցի նկատմամբ բանասերների մեծ մասը (Չամչյան, Սեն Մարտեն, Հայկազյան բառարան, էմին, Գուտշմիդ, Գարագաշյան, Նորայր, Ե. Մ., Ադոնց) այն կարծիքի է, թե Պատմության հեղինակը նույն է. Պատմության մեջ հիշված Փավստոս եպիսկոպոսը, որ գրել է հունարեն Դ դարի վերջերում, իսկ մեր ունեցած հայերեն բնագիրը թարգմանություն է՝ Ե դարի կեսերին: Բանասերների մի ուրիշ մաս (Ինճիճյան, Գաթըրճյան, Տաշյան, Գելցեր և Լաուեր, ինչպես և մենք) հեղինակին համարում է հայ, որ գրել է հայերեն Ե դարի կեսերին: Առանձին կարծիք ունի այս մասին Ք. Պատկանյանը, որ կարծում է, թե Պատմությունը թարգմանված է ասորերենից, մասամբ սրան նման է և Նորայրը, որ գտնում է, թե հույն հեղինակի բնագրում մատ է խառնել մի ասորի եկեղեցական: Զարբհանալյանը կարծում է, թե հեղինակը հույն է

  1. Այսպես, Ն. Մառի կարծիքը, թե կորած Ա և Բ դպրությունները Սեբեոսի մոտ պահված Ա և Բ դպրություններն են Անանուն հեղինակի, հերքվում է նրանով, որ Սեբեոսի մոտ չեն եղել այսպիսի դպրություններ: «Դպրութիւն» բառն ստեղծել է Սեբեոսի Պատմության առաջին հրատարակիչ Միհրդատյանը, Մառի, Ադոնցի և Մատիկյանի կարծիքը, Սեբեոսի մոտ պահված Մար-Աբաս Մծուրնացին իբրև աղբյուր է ծառայել Խորենացու Առաջին և Երկրորդ գրքերին, հերքվում է նրանով, որ, ընդհակառակն, Մար-Աբաս Մծուրնացին է օգտվեք Մ. Խորենացու Պատմությունից (տե՛ս Սեբեոսի վերջին հրատարակության ծանոթ, 8 և 9): Ադոնցի կարծիքը, թե Ա և Բ դպրությունները դուրս է գցել Փավստոսի թարգմանիչը, հերքվում է նրանով, որ Փավստոսի Պատմությունը ինքնուրույն հայերեն դրվածք է և ոչ թե թարգմանություն, և այդ ենթադրված Ա և Բ դպրությունները չէին կարող դուրս գցվել մեկ այն պատճառով, որ Փավստոսը չի գրել հայոց դարձի պատմությունը, որ «ի ձեռն այլոց» դրված է եղել, և մեկ էլ այն պատճառով, որ Փավստոսի նման բարեպաշտ հեղինակը չէր կարող այնպիսի հեթանոսական անպատշաճ բաներ գրել, որ հարկ զգացվեր դրանք դուրս գցել։