Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարսից զորքերը և աչք պահելով հանդիպում է Աղվանից գնդին ու բոլոր զորքերը ջարդում է. հասնում է Աղվանից Ուռնայր թագավորին, մինչդեռ նա փախչում էր։ Մոտենալով իր նիզակի կոթով երկար ծեծում է նրա գագաթը՝ ասելով. «Շնորհակալ եղիր, որ թագավոր մարդ ես, գլխիդ թագ ես կրում. ես թագավոր մարդու չեմ սպանի, մինչև անգամ եթե շատ նեղն էլ ընկնեմ»։ Եվ թույլ տվեց նրան ձիավորների հետ փախչել գնալ Աղվանից աշխարհը։

Իսկ երբ Հայոց բոլոր զորքերը ետ դարձան, թիվ չկար ախոյանների այն գլուխներին, որ Հայոց Մուշեղ քաջ զորավարը բերել էր Հայոց Պապ թագավորի առաջ։ Այնպես էլ բոլոր նախարարներն ու մեծամեծները և ամբողջ զորքը, ամեն մեկն իր չափին։ Եվ մեծ հաղթություն եղավ Հայոց աշխարհի ու Հունաց զորքի համար։ Նրանք լիացան մեծ ավարով՝ գանձերով, զենքերով, զարդերով, ոսկով ու արծաթով, շատ կարասիներով, ձիերով, ջորիներով և ուղտերով, որ խլեցին (պարսիկներից)։ Ավարը շատ շատ էր. նրան թիվ ու չափ չկար։

Բայց Մուշեղ զորավարին մատնությամբ ամբաստանում էին Պապ մեծ թագավորի առաջ՝ ասելով. «Իմացի՛ր, արքա, որ խիստ նենգությամբ է վարվում (Մուշեղը) քեզ հետ և քո մահվանն է սպասում, որովհետև նա քո թշնամիներին շարունակ ազատ է արձակում. շատ անգամ իր ձեռքն է գցել թշնամիներիդ, բայց էլի ըստ սովորության արձակել է. որովհետև նա Ուռնայր թագավորին արձակեց և կյանք բաշխեց քո հակառակորդին, որ իր ձեռքումն էր»։ Այս պատճառով հաճախ գժտություն էր պատահում Պապ թագավորի և Մուշեղ զորավարի միջև և շատ անգամ այս պատճառով (Պապը) հանդիմանում էր նրան։ Իսկ Մուշեղ զորավարը պատասխան է տալիս Պապ թագավորին և ասում է. «Ես իմ ընկերներին՝ բոլորին կոտորեցի, իսկ նրանք, որ թագ էին կրում, իմ ընկերները չէին, այլ քո. ե՛կ, ինչպես ես իմ ընկերներին սպանեցի, այնպես էլ դու քոնոնց, բայց ես թագավոր մարդու վրա, որ գլխին թագ է կրում, ո՛չ ձեռք եմ մեկնել, ոչ մեկնում եմ, և ոչ էլ կմեկնեմ։ Եթե ուզում ես ինձ սպանել, սպանի՛ր, բայց ես, եթե երբևիցե մի թագավոր մարդ ձեռքս անցնի,