Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչպես շատ անգամ պատահել է, ես չեմ սպանի թագավոր մարդու, որ թագ է կրում, թեկուզ ինձ էլ սպանեն»։

Պապ թագավորը երբ այս խոսքերը լսեց, արտասվեց, գահույքից վեր կացավ, բռնեց Մուշեղին, փաթաթվեց նրան և լաց եղավ Մուշեղի վզին փաթաթված, ու ասաց, «Մահապարտ են այն մարդիկ,- որոնք հանդգնում են շար բերան բանալ Մուշեղի՝ այս քաջ և պատվական մարդու մասին։ Նա մի մարդ է, որ ծագումով մեզ չափ պատվական է, և սրա նախնիները մեր նախնիների նման էին. սրա նախնիները թողել են ճենաց աշխարհի թագավորությունն ու եկել են մեզ մոտ և ապրել ու մեռել են մեր նախնիների համար, սրա հայրը իմ հոր համար մեռավ, և սա հավատարմությամբ ծառայել է մեզ, և շատ անգամ աստված, մեր հոր՝ սքանչելի Ներսեսի աղոթքներով ու խնդրվածքներով, մեզ հաղթություն շնորհեց սրա ձեռքով և խաղաղություն մեզ տվեց։ Ինչպես են կարողանում ինձ ասել, թե Մուշեղը քո մահվանն է սպասում, սա արդարամիտ մարդ է. եթե սա օտար թագավորներին խնայեց իր ազնվականությամբ, ինչպե՞ս կարող է ձեռք բարձրացնել իր բնիկ տերերի վրա»։ Եվ ապա Պապ թագավորը մեծ պարգևներ ու պատիվներ և շատ գյուղեր է պարգևում Մուշեղ զորավարին:


Գլուխ Ե

ՄՅՈՒՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԵՐԻ ԵՎ ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԳԱՆՁԱԿ ՔԱՂԱՔՈԻՄ. ՆԱԵՎ ՈՒՌՆԱՑՐԻ ԼՈՒՐ

ՀԱՂՈՐԴԵԼԸ. ՀԱՅՈՑ ԳՆԴԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԵԼԸ:

Ապա Աղվանից Ուռնայր թագավորը գաղտնի լուր է ուղարկում Մուշեղին, նրա մոտ մարդ է ուղարկում և տեղեկություն է հաղորդում՝ ասելով. «Շատ շնորհակալ եմ քեզանից, որ ինձ չսպանեցիր. աստված ինձ քո ձեռքը տվեց, բայց դու ինձ խնայեցիր, այս քո լավությունը չեմ մոռանա, քանի կենդանի եմ։ Բայց իմաց եմ տալիս քեզ, որ Պարսից Շապուհ թագավորը պատրաստվում է բոլոր իր զորքերով անսպասելի կերպով հարձակվել քո վրա»։ Այն մա-