Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանակ Հունաց ստրատելատը կազմակերպեց իր ձեռքի տակ եղած զորքերը և շարժեց տարավ Ատրպատական աշխարհից՝ Գանձակի կողմից դեպի Հայաստանի սահմանները։ Այնպես էլ Հայոց Մուշեղ զորավարը մի տեղ հավաքեց Հայոց բոլոր զորքերը, որոնք իննսուն հազար ընտիր մարդիկ էին, լավ զինված, նիզակները ձեռքներին, չհաշված ասպարակիրներին: Սրանք էլ, ստացված տեղեկության համաձայն, շտապով վաղօրոք հասան իրենց սահմանները. միայն թաղավորը մնաց Հայոց աշխարհում։ Ներսես եպիսկոպոսապետն ևս մնաց երկրում և հրամայեց ամբողջ երկրում աղոթք անել այն զորքերի համար, որ գնացել էին պատերազմի։

Իսկ Պարսից Շապուհ թագավորը իր ամբողջ զորքերով գալիս հասնում է պատերազմի տեղը և տեսնում է, որ Հունաց զորքերը և Հայոց գունդը արդեն կազմ ու պատրաստ են պատերազմի։ Երկու ճակատները խառնվում են իրար, և Պարսից զորքը պարտություն է կրում։ Մանավանդ նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվելով՝ իրենց ձիերի վրայից հարվածելով՝ քաջությամբ գետին էին գլորում իրենց ախոյաններին Պարսից Շապուհ թագավորի դեմուդեմ։ Երբ գետին էին գլորում, Հայոց բոլոր զորքերը քաջալերական ձայնով աղաղակում էին. «Ա՛ռ, քաջ Արշակ»։ Ամեն անգամ, որ այդ պատերազմում մի ախոյան էին սպանում, նրան էին նվիրում իրենց նախկին թագավոր Արշակին՝ ասելով. «Մեր Արշակ թագավորին մատաղ եղիր»։ Երբ Հայոց ազատների նիզակավոր ախոյանները խմբովին հարձակվում էին Պարսից նիզակավորների վրա ու վեր էին գլորում, քաջալերությամբ ասում էին. «Ա՛ռ, քաջ Արշակ», իսկ երբ այս ախոյաններին մորթում, գլխատում էին, ասում էին. «Արշակ թագավորին մատաղ եղիր»։

Իսկ լեգեոնների զորքի բազմությունը, այսինքն Հունաց ասպարակիր զորքը, նույնպես և Հայոց ասպարակիրները պահպանում էին Հայոց զորքի թիկունքը, վահաններով պատսպարված լինելով, ինչպես մի ամուր քաղաք (կռվողների) թիկունքում։ Երբ Պարսից զորքերը փոքր-ինչ վանում էին Հունաց զորքերին կամ Հայոց նիզակավոր գնդերը, սրանք Հունաց վահանավոր լեգեոնների կամ Հայոց ասպարակիրների