Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միշտ ասում էին. «Արշա՛կ, ա՛ռ», իսկ նա նրանց մեջ չէր, բայց նրանք իրենց սիրուց և տիրասիրությունից, որ ունեին իրենց բնիկ տիրոջ նկատմամբ, ամեն մի ախոյանի, որին սպանում էին, նրան էին նվիրում։ Կամ Մուշեղի այն մոլեգնած գունդը, ինձ այնպես էր թվում, թե այդ գնդից բոց ու կրակ են թափում, և դրոշակներն այնպես էին գնդի մեջ, կարծես հրդեհի բոց է անցնում եղեգների միջով։ Այսքան ժամանակ է, որ նրանց տերը՝ Արշակը, կորած է նրանց համար, գտնվում է Անդմըշն բերդում, Խուժաստան երկրում, բայց նրանք իրենց սիրուց այնպես էին համարում, թե նա իրենց գլուխ է կանգնած իբրև թագավոր, կամ իրենց հետ գնդի մեջ է գտնվում, իբրև պատերազմին գլուխ կանգնած, և իրենք նրա առաջ նրան են ծառայում։ Այո՛, — ասում էր նա,- երանի՜ նրան, որ Հայոց գնդի տերն է, այնպիսի՜ տիրասեր, միաբան և հավատարիմ զորքի»։


Գլուխ Զ

ԴՂԱԿ ՄԱՐԴՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ, ԹԵ

ԻՆՉՊԵՍ ՆԱ ԽՈՐՀՐԴԱԿԻՑ ԵՂԱՎ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ

ԽՈՍՏԱՑԱՎ ՄԱՏՆԵԼ ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԻՆ, ԵՎ ՊԱՊ ԱՐՔԱՅԻ ԿՈՂՄԻՑ

ԴՎԱԿԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ:

Ապա Հունաց Տերենտ զորավարը և Հայոց զորքերի գլխավոր Մուշեղը Դղակ մարդպետին, որ ըստ իր պաշտոնի կոչվում էր թագավորի Հայր, սահմանապահ թողին Գանձակում, որ սահման էր Պարսկաստանի և Հայաստանի միջև։ Նրա մոտ թողին երեսուն հազար ընտիր զորք՝ լավ սպառազինված նիզակավորներ, պահպանակներով, զրահներով պաշտպանված, կազմ և պատրաստ։ Տերենտն ու Մուշեղը իրենց հետ եղած բոլոր զորքերով գնացին (Հայաստան) Պապ թագավորի մոտ։ Իսկ Դղակ մարդպետը դաղտնի կերպով պատգամավոր ուղարկեց Պարսից Շապուհ թագավորի մոտ և խոստացավ նրա ձեռքը մատնել Հայոց Պապ թագավորին, Հունաց Տերենտ զորավարին ու Հայոց Մուշեղ զորավարին, և (սրա համար) նրանից պարգև ստացավ մեծաքանակ գանձ։ Բայց