Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագավորի ներքինուն։ Հայոց Արշակ թագավորի այդ ներքինին հավատարիմ պաշտոնյա էր, մեծ իշխանության տեր, շատ սիրված ու պատիվների արժանացած. նրա անունն էր Դրաստամատ։

Երբ Քուշանաց թագավորի և Պարսից թագավորի միջև պատերազմ սկսվեց, քուշանների զորքերը շատ նեղերին Պարսից զորքերին, շատերին կոտորեցին Պարսից զորքերից, շատերին ձերբակալեցին և մյուսներին հալածեցին, փախուստի մատնեցին։ Իսկ Դրաստամատ ներքինին, որ Հայոց Տիրան թագավորի և նրա որդու Հայոց Արշակ թագավորի տարիներին իշխում էր Անգեղտան գավառի վրա, հավատարմությամբ պահում էր Անգեղ բերդի գանձերը, նույնպես և բոլոր արքունական բերդերը, որ գտնվում էին այն կողմերում։ Նույնպես և Ծոփաց աշխարհում Բնաբեղ բերդում եղած գանձերը նրա տեսչության տակ էին և նրա բարձրի բոլոր նախարարների բարձերից վեր էր։ Եվ որովհետև այս պաշտոնը և Հայր կոչված մարդպետությունը ներքինիներին էին հանձնվում Արշակունյաց թագավորության ամենահին ժամանակներից ի վեր, ուստի այս ներքինի Դրաստամատին՝ Անգեդտան իշխանին էլ գերի էին տարել Պարսկաստան այն ժամանակ, երբ Հայոց Արշակ թագավորին բռնեցին։

Այս Դրաստամատը պատահեց այն ճակատամարտում, որի մեջ քուշանները հաղթեցին Պարսից Շապուհ թագավորին։ Դրաստամատն այնտեղ անպատմելի քաջություններ գործեց, Շապուհ թագավորի համար այնչափ կռվեց, որ կարողացավ նրան մահից ազատել և քուշաններից շատերին կոտորեց և շատ ախոյանների գլուխներ բերեց նրա առջև։ Պարսից Շապուհ թագավորին էլ փրկեց, երբ նրան պատերազմի խառնուրդի մեջ թշնամիները շրջապատել ու նեղն էին գցել։ Իսկ երբ Պարսից Շապուհ թագավորը դարձավ, եկավ Ասորեստան, մեծ շնորհակալություն հայտնեց ներքինի Դրաստամատին նրա ծառայությունների համար. և ասաց նրան Պարսից Շապուհ թագավորը. «Խնդրի՛ր դու ինձանից, ինչ որ ուզում ես, քո խնդրածը կտամ, չեմ մերժի»։ Դրաստամատն ասաց թագավորին. «Ես քեզանից ոչինչ չեմ ուզում, բացի միայն նրանից, որ հրաման տաս ինձ՝ գնամ իմ