Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իսկական տիրոջը՝ Հայոց Արշակ թաղավորին, տեսնեմ: Եվ միայն մի օրվա համար, երբ ես նրա մոտ գնամ, հրաման տուր նրան կապանքներից արձակել, և ես իրավունք ունենամ լվանալ նրա գլուխը, օծել, ազնիվ զգեստ հագցնել, նրա համար սեղան պատրաստել, նրա առաջ խորտիկներ դնել, գինի տալ և ուրախացնել նվագարաններով. ճիշտ մի օր»։ Շապուհ թագավորն ասաց. «Դժվար բան խնդրեցիր, որովհետև այն ժամանակից ի վեր, որ Պարսից թագավորությունը կանգուն է, և այն բերդը կոչվել է Անհուշ, չի եղել որևէ մարդ, որ համարձակված լինի թագավորներին հիշեցնել, թե թագավորները որևէ մեկին այնտեղ բանտարկել են, չի հիշատակվել որևէ մարդ, որին բանտարկել են այն բերդում, ուր մնաց թագավոր մարդը և իմ հավասարը՝ հակառակորդը, որ կաված է այն բերդում։ Այնինչ դու անհանգստացրիր մեզ: Դու ահա մահդ աչքդ առար և հիշեցրիր Անհուշը՝ անհիշելին, որ Արյաց թագավորության մեջ սկզբից ի վեր չի պատահել այսպիսի բան։ Բայց որովհետև մեծ է քո՝ ինձ ցույց տված ծառայությունը, թող կատարվի խնդիրդ. գնա, ինչ որ խնդրեցիր, տալիս եմ։ Բայց դու պետք է քո սեփական օգուտը մտածեիր, երկրներ, գավառներ կամ գանձեր խնդրեիր։ Բայց երբ դու այդ խնդրեցիր, թող այդ բացառություն լինի Արյաց թագավորության օրենքից։ Գնա՛, քեզ տվի, ինչ որ դու ինձանից խնդրեցիր քո ծառայության փոխարեն»։

Եվ նրան տվեց մի հավատարիմ թիկնապահ ու հրովարտակ՝ արքունական մատանիով կնքված, որ ելնի գնա Անդմշն բերդը և ինչպես որ կամենա, ինչպես որ խնդրեց, այնպես էլ վարվի կապյալ Արշակի հետ, որ Հայաստանի թագավոր էր եղել մի ժամանակ։ Եվ Դրաստամատը արքունական հրովարտակով թիկնապահի հետ գնաց Անուշ բերդը, տեսավ իր իսկական տեր Արշակին, արձակեց երկաթե կապանքներից, ձեռնակապերից ու ոտնակապերից և անուրներից, նրա գլուխը լվաց, նրան լողացրեց. նրան ազնիվ զգեստներ հագցրեց, սեղան սարքեց նրա համար, նրան բազմեցրեց, նրա առաջ թագավորավայել ընթրիք դրեց, գինի դրեց առաջը, ինչպես թագավորների կարգն է, նրան զվարթացրեց, մխիթարեց և նվագարարներով ուրախացրեց։