Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջև, ինչպես որ առաջ էր։ Գծավորներից շատերին սպանեցին, մնացածներին հպատակեցրին և նրանցից պատանդներ վերցրին։


Գլուխ ԺԴ

ԿԱՍՊԻՑ ՄԱՍԻՆ:

Ապա Մուշեղ Սպարապետը սաստկապես վրեժ է առնում Կասպիցի երկրից, Փայտակարան քաղաքից, որովհետև նրանք էլ ըմբոստացել ու դավաճանել էին Հայոց թագավորին։ Մուշեղ զորավարն այնտեղ հասնելով՝ նրանցից շատերին պատմելով գլխատում է, շատերին գերի վերցնում, մնացածներին էլ հպատակեցնելով, նրանցից պատանդներ է վերցնում և այնտեղ վերակացու պաշտոնյաներ է թողնում։


Գլուխ ԺԵ

ՎՐԱՑ ՄԱՍԻՆ:

Ապա Մուշեղ սպարապետը դնում է Վրաց աշխարհի վրա. նրան սաստիկ նեղում, ջարդում է. ամբողջ Վրաց աշխարհը նվաճում է, սրի է քաշում բոլոր ազնվականներին և բոլոր նախարարական տոհմերը, որոնց որ գտնում է։ Մուշեղ սպարապետը հրամայում է Փառավազյաններին խաչ հանել Վրաց աշխարհում, իսկ Գուգարաց բդեշխին, որ առաջ ծառայում էր Հայոց թագավորին և վերջը ապստամբվել էր, բռնելով գլխատեց ու նրա ցեղի արուները կոտորեց, իսկ կանանց ու աղջիկներին գերի վերցրին։ Եվ առհասարակ բոլոր այն կողմի նախարարներին, որոնք Հայոց թագավորից ապստամբվել էին, գլխատում է, ամբողջ գավառը նորից նվաճում է և պատանդներ առնում. մնացածներին էլ հպատակեցնում է։ Եվ գրավելով մինչև հին սահմանը, որ առաջուց գոյություն ուներ Հայաստանի ու Վրաստանի միջև, այսինքն՝ Կուր մեծ գետը, այնտեղից ետ է դառնում։