Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորոգում, բոլոր խանգարված կարգերը վերականգնում էր և ուղղում։ Շինում էր և հաստատում, խրատում էր և հանդիմանում, շատ հրաշքներ ու մեծամեծ սքանչելիքներ էր անում և շատ հիանալի բժշկություններ էր կատարում. օրենքներով խստությամբ սաստում էր. ում օրհնում էր, նա օրհնվում էր. ում անիծում էր, նա անիծվում էր։ Հայոց իշխանության բոլոր սահմաններում նա շատացրեց (եկեղեցու) պաշտոնյաների թիվը, ամեն տեղ տեսուչ-եպիսկոպոսներ դրեց և միշտ ուշադիր հետևում էր իր տեսչության ու իշխանության գործերին, քանի դեռ ապրում էր։


Գլուխ ԻԲ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԼՑՎԱԾ ԷՐ ԴԵՎԵՐՈՎ ԵՎ ԹԵ

ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ՎԱՐՎՈԻՄ:

Իսկ Պապ թագավորը, երբ դեռ նոր ծնված երեխա էր, նրա անօրեն Փառանձեմ մայրը նրան դևերին նվիրեց, ուստի և նա տղայությունից ի վեր լի էր դևերով։ Որովհետև նա միշտ դևերի կամքն էր կատարում, ուստի և չէր կամենում բժշկվել, այլ միշտ իր անձը վարժեցնում էր դևերով, և դևերը կախարդությամբ երևում էին նրա վրա. և ամեն մարդ բաց աչքով տեսնում էր նրա վրա դևերը։ Որովհետև երբ մարդիկ ամեն օր գալիս էին թագավորին բարի լույս տալու, տեսնում էին, որ (դևերը) օձերի կերպարանքով դուրս են գալիս Պապ թագավորի ծոցից և փաթաթվում նրա ուսերին։ Բոլոր տեսնողները վախենում էին մոտ գալ, իսկ նա այդ մարդկանց պատասխանում էր և ասում, թե՝ «Մի՛ վախենաք, սրանք իմն են». և ամեն մարդ ամեն ժամանակ այսպիսի կերպարանքներ էր տեսնում նրա վրա։

Նրա մեջ բույն էին դրել մեծ քանակությամբ դևեր ու միշտ երևում էին այն մարդկանց, որոնք գալիս էին թագավորին տեսնելու, բայց երբ Ներսես հայրապետը կամ Խադ սուրբ եպիսկոպոսը մտնում էին թագավորի մոտ, դևերը չքանում էին, աներևութանում։ Եվ Պապ թագավորը շաղախված էր պղծությամբ. երբեմն ինքն էր էգ դառնում և իրեն հանձնում