Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ աստծու մարդու՝ սուրբ Ներսեսի, մարմինը վերցրին եկեղեցու սպասավորները և Փավստոս եպիսկոպոսը, պաշտոնյաների գլխավոր Տրդատը և Հայոց Մուշեղ սպարապետը ու Հայր մարդպետը և արքունական բանակի ամբողջ ազնվականների գունդը։ Մարմինը վերցրին Խախ ավանից, որտեղ սպանությունը կատարվեց, և տարան իր գյուղը՝ Թիլ ավանը։ Սրբին հուղարկավորեցին սաղմոսներով, օրհնություններով, վառված կանթեղներով, հանդիսավոր պաշտամունքով և շատ հիշատակություններով։ Բայց մինչ սրբի մարմինը դեռ չէր թաղված, ինքը՝ Պապ թագավորը, եկավ, մարմինը պատեց և մարտիրոսական դամբարանում թաղեց։ Նա անմեղ և անգետ էր ձևանում, իբր թե ինքը չի գործել այդ գործը։


Գլուխ ԻԵ

ԱՅՆ ՏԵՍԻԼՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԵՎԱՅ ՇԱՎԻՏԱ ԵՎ ԵՊԻՓԱՆ ՍՈԻՐԲ

ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻՆ, ՄԻՆՉ ՆՐԱՆՔ ՆՍՏԱԾ ԷԻՆ ԼԵՌՆԵՐՈԻՄ:

Երկու անապատական կրոնավորներ կային, որոնք նստում էին լեռներում, մեկի անունը Շաղիտա էր, որ ազգով ասորի էր և նստում էր Առյուծ լեռան վրա, մյուսի անունը Եպիփան էր, որ ազգով հույն էր և նստում էր Մեծ լեռան վրա, աստվածների (մեհյանների) տեղում, որ կոչվում է Անահիտի աթոռ։ Սրանք երկուսն էլ աշակերտ էին եղել սուրբ Մեծ Դանիելին, որին վերը հիշեցինք։ Արդ երբ սրանք երկուսը նստած էին այն ժամին, երբ սուրբ Ներսեսը մեռավ, նրանցից յուրաքանչյուրն իր լեռից բաց աչքով ցերեկ ժամանակ տեսնում է, որ սուրբ Ներսեսը կարծես հափշտակվում է ամպերի մեջ. որովհետև հրեշտակները նրան վեր էին տանում և գունդ-գունդ դնում էին նրա առաջ։ Անապատականները երբ այս տեսիլքը տեսան, զարմացան այս տեսիլքի վրա։ Բայց Շաղիտան, որ Առյուծ լեռան վրա էր նստում, հմուտ մարդ լինելով՝ հասկացավ, թե սուրբ Ներսեսը վախճանվել է, և ինքը տեսնում է նրա հոգին։ Իսկ Եպիփանը այնպես հասկացավ, թե սուրբ Ներսեսը հենց մարմնով հափշտակվել է երկինք։ Ապա այս երկուսը իրենց լեռներից իջ-