Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նելով փութով ու արագ հասան մինչև Եկեղյաց գավառը, հարցուփորձ արին, իմացան, թե սուրբ Ներսես հայրապետը վախճանվել է, և եկան մինչև Թիլ գյուղը ու տեսան այն տեղը, ուր գրված էր նա։ Այստեղ այս հավատարիմ մարդիկ իրար հանդիպելով՝ ժողովրդի ներկայությամբ պատմում էին իրենց տեսածները։ Բայց այն մարդիկ հրեշտակային վարք ունեին, սնվել ու ապրել էին անապատում, կարող էին նաև մեծամեծ հրաշքներ գործել, և ամենքին հայտնի ու ծանոթ էին նրանց գործերը։


Գլուխ ԻԶ

ՍՈԻՐԲ ՇԱՂԻՏԱՅԻ ՄԱՍԻՆ:

Այս Շաղիտան սուրբ մարդ էր. աշակերտել էր Մեծ Դանիելին. մանկությունից ի վեր անապատում էր սնվել և անապատականների հետ խոտաճարակ էր եղել։ Սուրբ Ներսեսի վախճանվելուց հետո գնաց Կորդուք գավառը, հրաշքներ ու սքանչելիքներ էր կատարում, բնակվում էր առյուծների մեջ, և ավելի քան քսան առյուծ շարունակ շրջում էին նրա հետ։ Պատահում էր, որ երբ գազանների մի տեղը ցավում էր, գալիս շրջապատում էին նրան, քաշքշում էին նրան և նշաններով հասկացնում էին, որ բժշկի։ Մի անգամ մի մեծ առյուծի թաթը եղեգ էր խրվել, առյուծը եկավ սուրբ Շաղիտայի մոտ, նրա նստած լեռը, և մարդու նման թաթը բարձրացնելով՝ ցույց տվեց վերքը ու նշանացի խնդրում էր իրեն բժշկել։ Իսկ սուրբ Շադիտան եղեգը քաշում հանում է, որ խրվել էր վերքի մեջ. թքում է վերքի վրա և իր գլխի թաշկինակով փաթաթում է առյուծի թաթն ու բժշկում է։

Այսպես նա հազարավոր տեսակ-տեսակ հրաշքներ է անում, և գազաններն էին նրա կյանքի ընկերները, մինչ նա շրջում էր անապատում իր կյանքի ամբողջ ընթացքում։ Երբ նա մի գետի էր մոտենում, կոշիկներով անցնում էր գետի ջրերի վրայով, և կոշիկները չէին թրջվում։ Երբ նա մի գյուղ էր գալիս, իր հրաշքներով ու սքանչելիքներով շատ մոլորյալներ դարձի էր բերում, հիվանդներ էր բժշկում։