Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնում է իր կացարանը։ Եվ Մամուշեղ գետի մոտ մի աղբյուր կար, որի ակունքից շատ ձուկ էր դուրս գալիս, և շատ մարդիկ այդ ձկները բռնում, օգտվում էին: Մի անգամ երկու եղբայը ձկան պատճառով իրար հետ կռվեցին, և մեկը մյուսին սպանեց։ Երբ Եպիփանը այս բանը լսեց, ասաց. «Այսուհետև ոչ ոք այդ տեղից ձուկ չուտի»։ Եվ իսկույն այդ տեղի ձուկը դառնացավ, լեզիի նման դառնացավ մինչև այսօր, և ոչ ոք մինչև օրս այդ տեղից ձուկ չի որսում։ Ուրիշ անթիվ հրաշագործություններ էր կատարում։

Այդ գավառներում սուրբ Եպիփանը շատ ճշմարիտ կարգեր հաստատեց։ Հետո նա առավ իր աշակերտներին՝ լեռնաբնակ անապատական մենակյաց մարդկանց, հինգ հարյուր հոգի, և ճանապարհ ընկավ Հունաց աշխարհը գնալու։ Երբ գնում էին, ճանապարհին նրանց մի կին հանդիպեց։ Երբ այդ կնոջ մոտով անցան, Եպիփանը սկսեց փորձել աշակերտներին և ասաց. ««Վա՜հ, ի՞նչ գեղեցիկ ու վայելուչ կին է»։ Նրա աշակերտներից մանկահասակ մեկն ասաց. «Քո գոված կնոջ մի աչքը կույր է»։ Սուրբ Եպիփանն ասաց. «Իսկ դու ինչու նրա վրա նայեցիր, որ երեսը տեսնես, քո մեջ ուրեմն չար խորհուրդներ կան»։ Անմիջապես այդ մանուկին իրենից հեռացրեց։ Ինքը եկավ մեծ ծովի մոտ, նավերով անցան հասան մի անապատ կղզի: Այդ կղզին էր օձերով, իժեր և քարբեռ էին բնակվում այդ կղզում, այլև բազմաթիվ կատաղի ու թունավոր գազաններ։ Իսկ երբ սուրբ Եպիփանը եկավ հասավ այդ կղզին, գազանները այնտեղից քաշվեցին, կղզին թողին ու գնացին։ Այնուհետև այն կղզում նրանց ոչ մի վնաս չպատահեց, խաղաղ ապրեցին այնտեղ։ Այստեղ էլ ապրեց սուրբ Եպիփանը և նույն կղզում վախճանվեց։


Գլուխ ԻԸ

ՄԵԾԱՄԵԾ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՍՏԾՈՒՑ

ԵՐԵՎԱՑԻՆ ՄԱՄԲՐԵՈԻՄ ԵՊԻՓԱՆԻ ԳՆԱԼՈԻՑ ՀԵՏՈ:

Երբ սուրբ Եպիփանը հեռացավ Ծոփաց գավառից, իր միայնանոցից, որ Մամբրե էր կոչվում, այնտեղ թողեց շատ եղբայրներ-միաբաններ, միահավան հավատացյալ քրիստոն-