Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր սեղանի վրա։ Թերահավատ կրոնավոր եղբայրը այս որ տեսավ, զարհուրեր ու դողաց. հուզված, շփոթված գետին կործանվեր, բերանը կարկամած, ուժասպառ, շնչասպառ ուշաթափ եղավ։

Իսկ քահանան վեր կենալով՝ սուրբ պատարագի խորհուրդը վերջացրեց և երբ սուրբ օրենքը բեմից իջեցնում էր, տեսավ այն եղբորը, որ ուշաթափ ընկած էր գետնին։ Երբ սրբությունը տվեց ում որ պետք էր, ապա մնացորդը դարձյալ տարավ, սեղանի վրա դրեց և ներքև իջնելով բռնեց եղբորից, տեսավ, որ ուշագնաց ընկած է գետնի վրա։ Ջուր բերեց, բերանին սրսկեց. երբ նա վերջապես շունչ քաշեց և ուշքի եկավ, վեր կացավ ու պատմեց իր տեսած հրաշքները։ Ապա քահանան կամեցավ սուրբ օրենքով նրան ճաշակել տալ, բայց նա հանձն չառավ, չհամաձայնվեց, որովհետև իրեն անարժան էր համարում։ Այլ նա իր համար մի հոր փորեց և մեջը մտնելով յոթ տարի ապաշխարեց իր թերահավատության մեղքը, և յոթ տարուց հետո համարեց, որ իր ապաշխարությունն արժանացել է (թողության), դուրս եկավ ուրիշների հետ միասին հաղորդվելու։ Բայց էլի նույն հորն է իջնում բոլոր իր կյանքի օրերում և նույն հորումն էլ այդ եղբայրը վախճանվեց։ Ապա քահանան էլ վախճանվեց, և երկուսը միասին այն վկայարանի ներսը դրվեցին, Եպիփանի եղբայրանոցում, որտեղ այս հրաշքը երևաց։


Գլուխ ԻԹ

ՀՈՒՍԻԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՎՐԻԱՆՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՏՈՀՄԻՑ ԷՐ, ԵՎ ՈՐԻՆ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ ՆԵՐՍԵՍԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՇԱՆԱԿԵՑ ԻՐ ԿԱՄՔՈՎ, ԱՌԱՆՑ

ԿԵՍԱՐԻԱՅԻ ՄԵԾ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ, ԵՎ ԱՅՍ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՅՆՈՒՀԵՏԵՎ

ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՁԵՌՆԱԴՐԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱԴԱՐԵՑ:

Ներսես հայրապետի մահից հետո Պապ թագավորը Հուսիկ եպիսկոպոսին նշանակեց, որ Մանազկերտի Աղբիանոս եպիսկոպոսի տոհմից էր, և նրան հրամայեց հայրապետների տեգր բռնեք ու իշխել իր սպանածի (Ներսեսի) փոխարեն, և նա փոխարինեց Ներսեսին։