Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց Կեսարիայի եպիսկոպոսապետը լսեց, թե մեծ Ներսես հայրապետին սպանեցին և նրա փոխարեն նշանակեցին Հուսիկին առանց իր հրամանի, հակառակ նախկին սովորության, որ Կեսարիայի հայրապետի մոտ էին տանում ձեռնադրության համար։ Այս բանի պատճառով Կեսարիայի հայրապետը շատ զայրացավ։ Կեսարիայի նահանգի եպիսկոպոսների սյունհոդոսական ժողով գումարվեց, որ ցասումնալից թուղթ գրեց (Հուսիկ) հայրապետին: Նույնպես թուղթ գրեցին Պապ թագավորին և (Հայոց) կաթողիկոսների իշխանությունը լուծեցին (սահմանելով), որ ով որ Հայոց հայրապետ լինի, նա իրավունք ունենա թագավորի սեղանի հացը օրհնել, բայց իրավունք չունենա Հայաստանի համար եպիսկոպոսներ ձեռնադրել, ինչպես ի բնե սովորություն էր։ Այդ ժամանակից վերացավ Հայոց (կաթողիկոսների) իրավունքը եպիսկոպոսներ ձեռնադրելու, և այնուհետև Հայաստանի բոլոր գավառներից ու կողմերից, որոնք որ եպիսկոպոս էին լինելու, գնում էին Կեսարիա քաղաքը ու այնտեղ ձեռնադրվում էին եպիսկոպոս, որովհետև այդ ժամանակից Հայոց աշխարհից վերացավ այդ իրավունքը, և այնուհետև չէին համարձակվում եպիսկոպոսներ ձեռնադրել. բայց նա, որ եպիսկոպոսների մեջ ավագն էր, միայն վերև էր նստում և թագավորների սեղանն էր օրհնում։ Իսկ սա (Հուսիկը) քրիստոնյա մարդ էր, բայց չէր համարձակվում հանդիմանել որևէ մեկին, որովհետև երկչոտ էր և համակերպվող, որովհետև միայն թագավորի կամքով ուներ իր պատիվը. և լուռ ու հանդարտ էր մնում իր կյանքի բոլոր օրերում։


Գլուխ Լ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍԳՈՒՄ ԷԻՆ ՆԵՐՍԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԵՎ ՆՐԱ ԿԱՐՈՏԸ

ՔԱՇՈՒՄ:

Երբ Պապը սուրբ Ներսես հայրապետին սպանեց, այնուհետև ամեն մարդ խոր տրտմության մեջ ընկավ. Հայոց աշխարհի բոլոր մարդիկ միաբան խոսում էին և ասում. «Հայոց փառքը կորավ, աստծու արդարը մեր աշխարհից վերա—