Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պապ թագավորը հրամայում է այս կուսանոցներն ավերել և հրամայում է պիղծ խառնակության մատնել հավատավոր կույսերին։

Դարձյալ նույն Ներսեսը հիվանդանոցներ էր հիմնել բոլոր կողմերում, սահմանել էր նրանց համար ուտեստ ու դարման, և հավատարիմ մարդիկ էր նշանակել հիվանդանոցներին ու աղքատներին տեսուչ, հանձնել էր այնպիսի մարդկանց, որոնք աստծու երկյուղն ունեին և Քրիստոսի գալստյան ու հավիտենական դատաստանին էին սպասում։ Թագավորն այս վերակացուներին դուրս է անում իրենց պաշտոններից և հրամայում է հիմնարկությունները ավերել, ոչնչացնել։ Նա չքավորների ու աղքատների վրա նշանակված տեսուչ-վերակացուներին հալածում է և իր իշխանության տակ եղած ամբողջ երկրին հրաման է տալիս. «Աղքատները թող դուրս դան մուրան, ոչ ոք չհամարձակվի նրանց այնտեղ որևէ բան տանել. թող նրանք շրջեն, խնդրեն, աղաչեն, ապա թե մի ողորմություն ստանան»։ Պտղիի և տասնորդների կարգն էլ, որ վաղուց ի վեր սովորություն էր դարձած եկեղեցուն տալ, դրա վերաբերմամբ էլ ամբողջ երկրում հրաման հանեց, որ ոչ ոք չտա։

Ներսես հայրապետի օրերում նրա ահից ոչ ոք չէր համարձակվում Հայոց աշխարհում մեկի կինը խլել և թողնել իր կին ամուսինը, որ առել էր քողով և հարսանիքի պսակով ու օրհնությամբ, և ուրիշ կին առնել չէր համարձակվում։ Եթե հանկարծ մեկը մեռնում էր, ոչ ոք չէր համարձակվում եկեղեցու կանոնից դուրս անհուսությամբ մեռելի վրա լալ, կոծ ու սուգ անել, ողբեր ասել մեռելի վրա, այլ լոկ արտասուքով, պատշաճ սաղմոսներով և օրհնություններով, կանթեղներով ու վառած մոմերով հուղարկավորում էին մեռելը։ Իսկ նրա մահից հետո ամեն մարդ թագավորից հրաման ստացավ համարձակորեն թողնել իր ամուսին կնոջը. կար մարդ, որ տասը կին էր փոխում, և առհասարակ բոլորն անօրինության մեջ ընկան։ Դարձյալ Ներսեսի մահից հետո, երբ մեռելներին ողբում էին, փողերով, փանդիռներով ու վիներով կոծի պարեր էին բռնում, մորուքները կտրած, երեսները պատառոտած, կին և տղամարդ դեմառդեմ ճիվաղական պարեր