Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խաղալով, ծափ զարկելով հուղարկավորում էին մեռելներինա իսկ Ներսեսի տարիներին Հայաստանի բոլոր սահմաններում չէր կարելի տեսնել աղքատներին մուրալիս. այլ այն ժամանակ նրանց հանգստի տեղերը, այսինքն՝ ուրկանոցները բոլոր մարդիկ նրանց համար տանում էին այն ամենը, ինչ որ պետք էր նրանց։ Հենց այնտեղ նրանք առանց կարիքի ու լիացած էին։ Իսկ քահանայապետի մահից հետո եթե որևէ մեկը աղքատներին հանգիստ էր տալիս, թագավորից մեծ պատիժներ էր կրում։

Ներսեսի օրերում Հայոց աշխարհում մեծապես պայծառացած էին եկեղեցիներում պաշտամունքի կարգերը. կային կարգ ու կանոնի ենթարկված բազմաթիվ սուրբ սպասավորներ։ Նրա ժամանակ սուրբ վկաների հիշատակները Հայաստանի բոլոր տեղերում միշտ կատարվում էին պայծառությամբ, ժողովրդի մեծ բազմության ներկայությամբ։ Հայր եպիսկոպոսների պատիվը Հայաստանի բոլոր գավառներում բարձր էր ըստ նրանց արժանավորության։ Վանականների կարգերը շեն ու անշեն տեղերում առհասարակ ծաղկած էին։ Այս բոլորը նրա մահից հետո ոչնչացան ու փչացան։

Ներսեսի քահանայապետության ժամանակ Հայաստանի բոլոր գավառներում, շեներում և գյուղերում առհասարակ քահանայապետի հրամանով շինված էին օտարանոցներ ու հիվանդանոցներ. և Հայոց աշխարհի բոլոր մարդիկ ողորմածությամբ սնունդ էին մատակարարում՝ հիշելով աղքատներին, նեղված-տառապածներին, օտարներին, հարստահարվածներին, օտար երկրում և օտարի տան ապրողներին, անցորդ հյուրերին։ Նրանց վրա սուրբ Ներսեսը վերակացուներ էր նշանակել և ուտեստ որոշել զանազան տեղերից։ Իսկ նրա մահից հետո Պապ թագավորն այս ամենն ավերեց, եկեղեցու պատիվն անարգեց, Ներսես հայրապետի սահմանած շատ կարգերն ու բարեկարգությունները տապալեց ու մոռացության մատնեց։ Նրա այս աշխարհից գնալուց հետո շատ մարդիկ դարձան նախկին կռապաշտության. Հայաստանի շատ տեղերում կուռքեր կանգնեցրին Պապ թագավորի թույլտվությամբ, որովհետև չկար մեկը, որ հանգիմաներ, չկար մեկը, որից քաշվեին, այլ ամեն մարդ համարձակ գործում