Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար հայերենից հունարեն թարգմանած լինել Փավստոսի այս կտորները:

4. Հեղինակի հույն լինելուն ապացույց են համարում և այն, որ, իբր թե, նա ատում է հայերին, նախատինքներ է թափում նրանց վրա: Այսպես մտածողները մոռանում են, որ քննադատելի, հանդիմանելը չի նշանակում ատել: Եթե հայրը պատժում, նախատում է որդուն նրա պակասությունների համար, սա չի նշանակում, որ նա ատում է որդուն, օտար է, այլ նշանակում է, որ նրան սիրում է և խրատներով ու պատիժներով աշխատում է ուղղության բերել: Եթե նկատի ունենանք ամեն ինչ չափազանցությամբ պատմելու Փավստոսի ընդհանուր սովորությունը, ապա պետք է խոստովանենք, որ Փավստոսը ոչ մի տեղ այնքան ճշմարտախոս չէ, որքան ազգի դեմ ուղղած հանդիմանությունների մեջ, երբ, իբրև կրոնավոր, նկատում է նրանց բարքերի հակաքրիստոնեական ուղղությունը: Եթե ազգի պակասությունները հանդիմանելը ատելության կամ օտարազգի ծագման նշան լիներ, ապա խորենացին ավելի հայատյաց և օտարազգի պետք է համարվեր, որ հայ ժողովրդի ամեն մի դասակարգի ճակատին խարանի նման դրոշմեյ է նրանց պակասությունները: Փավստոսը ոչ միայն հայերին չի ատում, օտարազգի չէ, այլև չափազանց հայասեր է, նախանձախնդիր, ինչպես կտեսնենք հետո, բայց վերոհիշյալ կարծիքն ունեցող բանասերներն այդ չեն նկատել:


5. Դարձյալ հեղինակի օտարազգի լինելուն իբրև ապացույց մեջ են բերում այդ բանասերները, թե Փավստոսը չի ասում «թագաւորն մեր», «աշխարհս հայոց», այլ իբրև օտար՝ երրորդ դեմքով — «թագաւորն հայոց», «աշխարհն հայոց»: Այդ դիտողությունն էլ զուրկ է նշանակությունից: Ազգը կամ ազգի թագավորները երրորդ դեմքով նշանակելը այն Ժամանակվա գրելու սովորությունն էր: Կորյունը, որ անպայման հայ է, միշտ գրում է երրորդ դեմքով — «Գիրս նշանագրաց հայաստան ազգին», «դառնայր յերկիրն հայոց», «աշխարհին հայոց» «թագաւորին հայոց, որոյ անուն կոչէր Վռամշապուհ», «Վռամշապհոյ արքային ձայոց» և այլն: Բայց Փավստոսը առաջին դեմքով էլ է գրում—«եկն եբեր յերկիրս հայոց», «տայցեն նմա զաշխարհս հայոց», «եկն եհաս յերկիրս հայոց» (և դրա կողքին՝ «ընդ երկիրն հայոց») և այլն: Ուրեմն, երրորդ դեմքով գործածությունը սովորական մատենագրական ձևն է եղել, իսկ «երկիրս հայոց», «աշխարհս հայոց» թեկուզ մի անգամ էլ պատահեր, կնշանակեր, թե հեղինակը հայ է, որովհետև հայոց աշխարհը կոչում է իբրև իր աշխարհը: Նույնը պետք է ասել և այն մասին, որ իբր թե Փավստոսը պարծանքով է հիշում հունաց թագավորներին ու քաղաքները — «մեծ թագաւորն Հունաց», «մեծ քաղաքին Աթենացւոց»: Ի՞նչ զարմանք, եթե Փավստոսը մեծ կոչեր, ինչ որ արդարև մեծ էր, բայց զարմանքն այն է, որ Փավստոսը մեծ մակդիրը տալիս է նրանց, որոնց չէր կարելի այսպես որակել—«թագաւորն մեծ Արշակ», «մեծ թագաւորն Վարազդատ», «զմեծ քաղաքն Երուանդաշատ», «քաղաքին մեծի Արտաշատու» և այլն: Հայոց թույլ վասալ թագավորներին և հայոց քաղաքները մեծ կոչելու համար հարկավոր էր հայրենասիրության մի փոքր քանակ:


6. Բերում են, վերջապես, այն փաստը, թե Փավստոսի Պատմությունը