Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իշխանությանը հնազանդվենք, թող Հունաց թագավորները մեզ հետ վարվեն, ինչպես ուզում են»։ Այլևս չմտածեցին վրեժ լուծել կամ ուրիշ մի բան անել, այլ տեղներում լուռ նստեցին։


Գլուխ ԼԴ

ՊԱՊԻՑ ՀԵՏՈ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ:

Հայոց Պապ թագավորի մահից հետո Հունաց թագավորը Հայոց աշխարհի վրա թագավորեցրեց մի ոմն Վարազդատի, որ նույն Արշակունի տոհմից էր։ Նա մեծ շքեղությամբ եկավ Հայոց աշխարհը և թագավորեց Հայոց աշխարհում։ Նա տարիքով մանուկ էր, արիասիրտ, հզոր ձեռքերով, քաջ սրտով, բայց թեթևամիտ, երեխայի նման խելքը պակաս, մանկամիտ։ Բայց երբ նրան տեսան, Հայոց մեծամեծների ու նախարարների բոլոր տոհմերը նրա մոտ հավաքվեցին՝ ուրախանալով, որ նա իրենց վրա թագավորեց։

Իսկ Հայոց Մուշեղ սպարապետը առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները, ինչպես սովոր էր երկիրը բարեկարգ պահել, և բարի խրատներ էր տալիս մանուկ Վարազդատ թագավորին։ Եվ միշտ հոգս էր քաշում Հայոց աշխարհի թագավորության համար, թե ինչպես չեն պահի, և միշտ բարեմտությամբ աշխատում էր, որ թագավորությունը հաստատ մնա. նա խորհրդակցում էր Հունաց իշխանների հետ և նրանց միջոցով կայսեր հետ, թե հարկավոր է Հայոց աշխարհում քաղաքներ շինել ամեն մի գավառում, որտեղ մի-մի քաղաքի, որտեղ երկու-երկու, ամուր պարիսպներով շրջապատած, որպեսզի զորանիստ տեղեր դառնան ամբողջ Հայոց աշխարհում, մինչև Գանձակ սահմանագլուխը, որ սահման էր Պարսկաստանի և Հայաստանի միջև։ (Նույնպես խորհուրդ էին անում) Հայոց բոլոր ազնվականներին զինավորել կայսերական ծախսով, այնպես էլ Հայոց աշխարհի զորքերը, որպեսզի այս կերպով ամեն զգուշություն ձեռք առնեն իրենց թշնամիների՝ Պարսից զորքերի դեմ։ Եվ Հունաց թագավորը մեծ ուրախությամբ