Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գցեց, բայց սպանել չկամեցավ, այլ թշնամուն ազատ արձակեց: Դա այն Մուշեղը չէ՞, որի հրամանով և որի խորհրդով Հունաց զորավարները Պապ թագավորին սպանեցին, որովհետև դա էր, որ Հունաց թագավորին թշնամացրեց ու գրգռեց Պապ թագավորի դեմ, մինչև որ սպանել տվեց։ Արդ պետք է որ նա քո ձեռքից մեռնի, նա չպետք է ապրի։ Եվ եթե դու չշտապես, արքա, նա մտածել է այժմ Հայոց աշխարհը լցնել քաղաքներով, զորանիստներ դարձնել՝ Հունաց զորքերն այնտեղ բնակեցնելու համար։ Եվ այնուհետև կա՛մ Հունաց թագավորը քեզանից կխլի Հայոց թագավորությունը, կա՛մ հենց այս Մուշեղը (քեզ) կսպանի և ինքը կթագավորի»։ Եվ այսպիսի խոսքերով շարունակ գաղտնի գրգռում էին թագավորին, մինչև որ համաձայնվեց Հայոց զորավար-սպարապետին սպանել ըստ նրանց ցանկության։

Հետո խորհուրդ արին, թե ինչպե՛ս կարողանան նրան բռնել, որովհետև նրանից շատ էին վախենում։ «Եթե գլխի ընկնի,— ասում էին,— մեծ պատերազմ կհարուցի, և ոչ ոք չի կարողանա նրա քաջությանը դեմ դնել. պետք է մի հնարք, խորամանկություն բանեցնել»։ Եվ այսպես սպասում էին։ Ապա մի օր Հայոց Վարազդատ թագավորը հրաման տվեց մեծ ընթրիք սարքել մեծ պատրաստությամբ և հրամայեց ընթրիքին հրավիրել բոլոր ավագ, պատվավոր մարդկանց, մեծամեծներին և Մուշեղ զորավարին։ Վարազգատը պատրաստեց ընտիր, ուժեղ, հզոր մարդիկ, որ պատրաստ լինեն գործին՝ հանկարծակի, հանպատրաստից, անսպասելի ժամին Մուշեղի վրա հարձակվելու։ Հյուրերին շատ ուրախացնում է, շատ գինի է խմել տալիս և շատ զվարճացնում է։ Վարազդատ թագավորը նախապես նշան էր տվել իր պատրաստած սպանողներին, թե՝ «Երբ կտեսնեք, որ Մուշեղ սպարապետը լավ հարբել է և հարբեցությունից խելքը կորցրել է, ես վեր կկենամ, իբր թե արտաքնոց գնալու համար, դուք այդ ժամանակ նրան շրջապատեցեք»։ Բոլորը չափից դուրս խմեցին, գինովցան, բայց Վարազդատը գինի խմելուց զգուշանում էր։ Երբ նա նկատեց, թե հարբեցությունից խելքները կորցրել են, վեր կացավ, իբր թե ջուր թափելու գնալու համար, և սեղան բազմած բոլոր ավագները ոտքի կանգնեցին՝