Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնացեք ու եկել։ Նրանց վրա բարկանալով՝ անարգելով հալածեց իր երկրի սահմաններից, որ գնան իրենց երկիրը։ Եվ նրանք ճանապարհ ընկան, երեսները դեպի իրենց աշխարհն ուղղած։ Երկու եղբայրն էլ հետևակ էին, երկուսն էլ վիթխարի մեծությամբ, հաղթանդամ, հսկաների նման։ Մինչ գալիս էին ճանապարհով, Մանուելը չէր կարողանում քայլել, որովհետև ոտքերում ցավ ուներ։ Ապա նրա Կոմս եղբայրը նրան շալակում է և (օրական) տասը փարսախի շալակած բերում է այն ահագին, վիթխարի մարդուն, մինչև որ հասցնում է Հայոց աշխարհը։ Երբ Մանուելը իր Կոմս եղբոր հետ եկավ հասավ Հայոց աշխարհը, և երբ նրանց տեսավ Վաչեն, որ նրա գալուց առաջ (Մամիկոնյանների) նահապետն էր, նրան հանձնեց իր իշխանական պատիվը, որ ստացել էր Վարազդատ թագավորից, որովհետև տոհմի մեջ ավագագույնը նա էր։ Այսպիսով Մանուելն ստացավ իրենց տոհմի տանուտերության և նահապետության պատիվը, իսկ Վաչեն դարձավ նրա երկրորդը։

Իր տերության պատվին ու փառքին հասնելուց հետո Մանուելը նախ և առաջ, առանց Վարազդատ թագավորի հրամանի, հափշտակեց զորավարությունն ու սպարապետությունը։ Ինչ որ նրա նախնիները բուն սկզբից ունեին, և ինչ որ Վարազդատ թագավորը շնորհել էը իր դայակ Բատին, այդ իշխանությունը Մանուելը ետ խլեց իր համար։ Իսկ այնոհետե Հայոց Մանուել սպարապետը պատգամ է ուղարկում Վարազդատ թագավորին և ասում է. «Մենք ամբողջ տոհմով հին ժամանակներից ի վեր հավատարմությամբ ծառայել ենք ձեզ՝ Արշակունիներիդ, մեր կյանքը զոհել ենք ձեզ համար, ապրել ու մեռել ենք ձեզ համար։ Մեր բոլոր հին նախնիները պատերազմների մեջ ընկան ձեզ համար. Վասակը Մուշեղի հայրը, կորավ Արշակ թագավորի համար, և մենք միշտ աշխատել ենք, չարչարվել ենք ձեր ցեղի թագավորության համար։ Արդ՝ փոխանակ մեզ վարձատրելու մեր ծառայությունների համար, դուք՝ Արշակունիներդ, կոտորեցիք նրանց, որոնք թշնամիներից չմեռան ու կենդանի մնացին։ Ահա իմ քաջ եղբայրր՝ Մուշեղը, որ մանկությունից ի վեր կյանքը ձեզ համար մաշեց, ձեր թշնամիներին կոտորեց ու վանեց, և