Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որին թշնամիները չկարողացան սպանել, դու բռնեցիր և սեղանին նստած տեղում խեղդեցիր։ Բացի սրանից՝ դու Արշակունի էլ չես, այլ պոռնկորդի ես, այդ պատճառով էլ Արշակունիների աշխատավորներին չճանաչեցիր։ Մենք մինչև անգամ ձեր ծառաները չենք, այլ ձեր ընկերներն ենք և ձեզանից ավելի բարձր, որովհետև մեր նախնիները ճենաց աշխարհի թագավորներ են եղել. և եղբայրների մեջ տեղի ունեցած տարաձայնության պատճառով, որպեսզի մեծ արյունահեղություն չլինի, այնտեղից հեռացել ենք և խաղաղ հանգստություն գտնելու համար եկել դադարել ենք (այստեղ)։ Առաջին Արշակունի թագավորները գիտեին, թե ովքե՛ր ենք մենք և որտեղացի ենք. բայց դու, որովհետև Արշակունի չես, հեռացի՛ր այս աշխարհից և իմ ձեռքից մի՛ մեռնիր»։

Իսկ Վարազդատ թագավորը պատասխան-պատգամ է ուղարկում Մանուել զորավարին և ասում է. «Ես իսկական Արշակունի եմ, որ իմ Արշակունի նախնիների թագը դրի և իմ նախորդների աշխարհին տիրեցի, և իմ հորեղբոր՝ Պապի վրեժն առա քո չարագործ եղբորից՝ Մուշեղից։ Բայց որ դու այս աշխարհից չես, այդ դու ինքդ ասացիր, թե մենք ճենաց աշխարհից ենք, այնտեղ ծագումով թագավոր ենք եղել և այստեղ եկել ենք իբրև պանդուխտներ։ Ուրեմն մի՛ մեռնիր քո եղբոր նման։ Ես իմ բարերարությամբ քեզ արձակում եմ. ե՛լ ու գնա՛ ճենաց աշխարհը, այնտեղ, քո երկրում ապրի՛ր ու թագավորի՛ր։ Իսկ եթե չես կամենա գնալ, իմ ձեռքից կմեռնես, ինչպես Մուշեղը մեռավ»։

Երբ շատ անգամ պատգամավորները գնացին եկան, և ավելի ու ավելի խիստ և վիրավորական խոսքեր իրար ուղարկեցին, դրանից հետո ժամ նշանակեցին պատերազմով իրար հանդիպելու։ Նշանակված ժամին եկան հասան ու պատերազմ սկսեցին իրար հետ։ Վարազդատ թագավորն առնում է իր զորքի բանակն ու գալիս հասնում է ճակատամարտի տեղը, լավ սպառազինված ու պատերազմի պատրաստ։ Եվ Մանուել սպարապետը, ավելի մեծ պատրաստությամբ, իր գնդով նույն տեղն է հասնում, և Կարինի դաշտում երկու կողմերի գնդերն ընդհարվում են։

Վարազդատ թագավորը և Մանուել սպարապետը, նիզակ-