Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարունակում է այնպիսի մանրամասն և ճիշտ նկարագրություններ անցքերի, որոնք կարող էր անել այդ անցքերին ժամանակակից և ականատես անձը, որից եզրակացնում են, թե հեղինակն ապրել է Դ դարում, ուրեմն, հույն Փավստրս եպիսկոպոսն է: Ներսես Մեծի թունավորման նկարագրությունը արդարև կարող է այսպիսի ենթադրության տեղիք տալ. բայց ի՞նչ ասենք այն բազմաթիվ անցքերի մասին, որոնց չէր կարող ականատես լինել հեղինակը, կամ որոնք բնավ տեղի չեն ունեցել, բայց Փավստոսի կողմից մանրամասն նկարագրված են իբրև եղելություն: Այսպես, օրինակ, հեղինակն չէր կարող ներկա և ականատես լինել Պապ թագավորի դավաճանական սպանության (Ե, լբ), Դղակ մարդպետի սպանության թագավորի ապարանքում (Ե, զ) կամ Արշակ թագավորի հմայության փորձին Շապուհ թագավորի վրանում (Դ, ծդ), սրբերի հոգիների ժողովի գումարվելուն սրբուհի Թեկղիեի վկայարանում (Դ, ժ), Վաղես կայսրի ունկնդրության Ներսես Մեծի երկար խրատին (Դ, ե): Վերջին երեքը մտացածին բաներ են, ապա և նրանց նկարագրությունը հեղինակի երևակայության ծնունդն է: Զրույցները, հեքիաթները լի են մանրամասն նկարագրություններով, բայց ո՜վ կարող է ասել, թե նրանց հեղինակները ականատես կամ ժամանակակից են եղել իրենց նկարագրած անցքերին: Խորենացին մանրամասն նկարագրում է Ձիրավ դաշտի ճակատամարտը (Գ, լե), բայց հայտնի է, որ ժամանակակից և ականատես չէ:

Առայժմ թողնելով Փավստոս Բուզանդ օտարազգի անվան բացատրությունը, տեսնում ենք, որ բոլոր այն կետերը, որ բերվել են իբրև ապացույց հեղինակի հույն լինելուն, համոզիչ չեն և չեն կարող խախտեւ այն տեսակետը, թե Փավստոսի Պատմության հեղինակը հայ է և գրել է հայերեն:

Այս վերջին տեսակետն ունեն, ինչպես վերը տեսանք, Ինճիճյանը, Գաթրճյանը, Տաշյանը (գուցե Մառը), Գելցերը և այլք: Այս տեսակետը ամենից մանրամասն և բազմակողմանի կերպով ապացուցված է իմ «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի» քննության մեջ («Հանդես ամսօրյա», 1896, փետր.— մարտ—ապրիլ համարներում): Գարագաշյանը տատանվող դիրք է բռնում: Նա իր Քննական հայոց պատմության մեջ և «Հանդ. ամսօրյայում տպված հոդվածում (1896, հուլիս) Փավստոսի Պատմությունը համարում է թարգմանություն հունարենից, բայց նույն հոդվածում (էջ 201) կասկածանքով հայտնում է. «Այսպես է և Բյուզանդ, որո հայերենն հայտնի չէ, թե թարգմանությու՞ն է, թե բնագիր, մանավանդ թե գրության ոճին նայելով կթվի բնագիր քան թե թարգմանություն»:

ՓԱՍՏԱՐԿՈԻՄՆԵՐ ՀՕԳՈԻՏ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՅ ԼԻՆԵԼՈԻՆ

Ծանոթանանք այժմ այն Փաստերին, որոնք վկայում են, թե Փավստոսի Պատմության հեղինակը հայ է, գրել է հայերեն, հինգերորդ դարի երկրորդ կեսին:

Պատմության հեղինակը ժամանակակից չէ իր պատմած դեպքերին