Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ո՛չ խոցված և ոչ վնասված։ Այս Գարեգինը առաջ Համազասպյանի փեսան էր, կին էր առել նրա Համազասպուհի քրոջը, երբ Պարսից Շապուհ թագավորը եկել էր Հայոց աշխարհը, նա թողել էր իր կինն ու փախել: Հետո Համազասպուհուն տարան Տոսպ գավառը, Վան քաղաքը, և այնտեղ պարսիկները նրան կախեցին բարձր աշտարակից, որ ժայռի վրա էր շինված, և այսպես կախած սպանեցին։

Նույն օրը, մինչ Գարեգինն ընկած էր մյուս ընկածների մեջ, նրա աներ Համազասպյանն եկավ նրանց մոտով անցնելու։ Գարեգինը ձայն տվեց, ասաց, «Տե՛ր Համազասպյան, ինձ էլ օգնիր, հրաման տուր ձի բերել ինձ, որ հեծնեմ»։ Համազասպյանը հարցրեց, «Ո՞վ ես դու»։ Նա ասաց, «Ես Գարեգին Ռշտունին եմ»։ Համազասպյանը հրամայեց իր հետ եղած վահանավորներին, թե՝ «Իջե՛ք, վահաններդ վրան գրեք ու պահպանեցեք»։ Ինքը գնաց, իսկ վահանավորները ձիերից իջան, վահանները նրա վրա դրին և կանգնել պահպանում էին, ինչպես հրամայվեց։ Այս ժամանակ գալիս է Դանուն անունով մեկը, որ Մանուելի զորքի ասպարակիրների գնդի խմբապետն էր, տեսավ, որ վահանավորներն իջել պահպանում էին Գարեգինին։ «Ո՞վ է դա, և ինչո՞ւ դուք իջել կանգնել եք այդտեղ», — հարցրեց նրանց։ Նրանք ասացին, «Սա Գարեգինն է՝ Ռշտունյաց տերը, և մեզ Համազասպյանը հրամայեց իջնել ու սրան պահպանել»։ Դանունը սաստիկ բարկացավ, զայրույթից կատաղած ասաց, «Համազասպյանը գուցե ուզում է նորից դրան իր փեսան դարձնել և իր Համազասպուհի քույրը դրան կնության տալ, սրա համար դրան խնայեց, հրամայեց պահպանել»։ Եվ իսկույն ոտք նետեց, ձիուց իջավ, թուրը հանեց, մոտեցավ նրան, կտոր-կտոր կտրատեց, ցրեց, սպանեց։

Իսկ մյուս զորքերը դեռ գալիս էին կոտորածից, ձերբակալած բռնած բերում էին շատերին, Վարազգատ թագավորի մատնիչ Բատին՝ Մուշեղի սպանողին, իր որդու հետ բռնած բերին Մանուել սպարապետի մոտ, նույնպես և բոլոր նրանց, որոնք (Մուշեղի սպանության) գործին նպաստել էին, բռնեցին, նրա մոտ բերին։ Եվ Մանուել սպարապետը շատ խիստ դատաստանով դատեց անօրեն Բատին։ Բայց նա