Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեց հնազանդ ու հպատակ լինել Արշակ թագավորին, հավատարիմ լինել, ջանալ և աշխատել, Հայոց աշխարհի համար պաաերազմել։ «Ուրախությամբ հանձն առ մահ երկրի համար, ինչպես և քո քաջ նախնիները, որովհետև,— ասաց, — դա արդար և աստծուն ընդունելի գործ է, և երբ այդպես վարվեք, աստված ձեզ անտես չի անի։ Երկրի վրա քաջության անուն թողեք և ձեր արդարությունը երկնքին նվիրեցեք։ Մահից ամենևին մի՛ վախենաք, այլ հույս դրեք նրա վրա, որ ամեն ինչ ստեղծեց ու հաստատեց։ Ձեզ հեռու պահեցեք նենգությունից, պղծությունից և չարությունից ու տեր աստծուն ծառայեցե՛ք մաքուր սրտով և հավատարմությամբ։ Աստվածապաշտ երկրի համար համարձակ մեռեք, որովհետև հենց այդ մահն աստծու համար է, նրա եկեղեցիների և եկեղեցական ուխտի, այս աշխարհի բնիկ տերերի՝ Արշակունիների համար»։ Սրանից հետո նա հրովարտակ դրեց Հունաց թագավորին և նրան հանձներ Հայոց աշխարհն ու Արշակ թագավորին։

Սրանից հետո, երբ նա հիվանդ պառկած էր անկողնում, և բոլորը հավաքված էին նրա շուրջը, այնտեղ էին և Արշակ թագավորը, և՛ Վարդանդուխտը՝ թագավորի կինը, և՛ Հայոց բոլոր ավագները, մեծամեծներն ու նախարարները, առհասարակ բոլոր երևելի մարդիկ, տղամարդ թե կին, ապա Մանուելը այս բոլորի առաջ բացեց իր բոլոր անդամները, մերկացավ և ցույց տվեց, որ նրա մարմնի վրա մի դրամի մեծության չափ ողջ տեղ չէր մնացել, այլ խոցված էր պատերազմների մեջ, հենց նրա առնի անդամի վրա ավելի քան հիսուն սպի կար վերքերից. մինչև անգամ այս բանալով ցույց է տալիս ամենքին։ Սկսեց լալ և ասել, «Մանկությունից ի վեր ես պատերազմների մեջ եմ մեծացել, ամեն վերք հանձն եմ առել քաջությամբ, և ինչու՞ ես բախտ չունեցա պատերազմի մեջ մեռնելու, քան թե այսպես անասունի նման մեռնեի։ Որքա՜ն լավ կլիներ, եթե պատերազմի մեջ մեռնեի երկրի համար, որպեսզի եկեղեցիները և աստծու պաշտոնյաների ուխտը ոտնատակ չլինեին։ Ո՞ւր է թե ինձ վիճակվեր մեռնել մեր երկրի բնիկ Արշակունի տերերի համար, մեր կանանց ու որդիների համար, աստվածապաշտ մարդկանց, եղբայրների, ընկերների և մտերիմ բարեկամների համար։ Ես