Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ հանդուգն էի ինձ պահում, բայց և այնպես ինձ վիճակվեց մեռնել վատթար մահովս անկողնում պառկած»։

Այս և սրանից էլ ավելի շատ բաներ խոսեց Արշակ թագավորի ու բոլորի առաջ։ Նաև աղաչեց Արշակ թագավորին ու ասաց. «Ես ապրել եմ աստծով իբրև ջերմեռանդ քրիստոնյա, ինձ վրա անհուսությամբ լաց ու կոծ չսարքեք անկարգաբար, հեթանոսների նման։ Որովհետև չպետք է լաց լինել նրանց համար, որոնք հույս ունեն մյուս անգամ հարություն առնելու և կենդանանալու Քրիստոսի գալուստի ժամանակ, իսկ ես մինչև այժմ ապրել եմ հույսով և երկյուղածությամբ։ Բայց դուք աստվածային պատվիրաններից մի շեղվեք, արդարության հոգ տարեք և ավելի շատ ողորմության։ Որովհետև Ներսես մեծ հայրապետը մեզ շարունակ այս էր պատվիրում և ինքն էլ իր կենդանության ժամանակ նույնն էր անում, ինչ որ ինքը գործում էր, նույնն անել սովորեցնում էր ուրիշներին. նա ողորմում էր աղքատներին, տնանկներին, գերիներին, անտիրականներին, օտարականներին, պանդուխտներին, և նա ասում էր. «Աստծու առաջ ավելի պատվական բան չկա, քան ողորմություն անելը կամ (աղքատներին) տուրք տալը»։ Եվ մեռելների վրա լաց ու կոծ անելը ծանր մեղք էր համարում և իր ապրած ժամանակ այս բանը վերացրեց Հայոց աշխարհից, որովհետև նրա օրերով ոչ ոք չէր համարձակվում լաց ու կոծ անել, բայց նրա մահից հետո անմիտ մարդիկ համարձակվեցին այդ բանն անել։ Բայց ինձ համար թող ոչ ոք կոծ չանի, մեղապարտ լինի, ով որ անի։ Բայց ես իրավունք չունեմ իմ մահից հետո մեկին սաստել, որ չանի, ինչ որ ես չեմ կամենում, այլ ով որ ինձ սիրում է, իմ հիշատակի համար թող այսպես անի։ Պատերազմի մեջ մահից մի վախենաք, որի մեջ ես չմեռա, որովհետև առանց աստծու ոչինչ չի լինում»։

Եվ էլի այսպիսի շատ բաներ խոսեց. իր ձեռքով անչափ շատ գանձեր բաժանեց աղքատներին ու կարոտյալներին, իր ստացվածքից շատ մասեր տվեց եկեղեցիներին ու վկայարաններին, շատ գանձ էլ տվեց քահանայապետեցին, քահանաներին ու պաշտոնյաներին և հետո ինքն էլ մեռավ։

Բայց երբ մեծ Մանուել սպարապետը մեռավ, ոչ ոք ուշա-