Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդ էր, որ Խոսրովի արքունիքում առաջնորդում էր, բայց զգեստի վերաբերմամբ սա էլ հետևեց Զավենի հաստատած կարգին։


Գլուխ Ե

ՓԱՎՍՏՈՍ ԵՎ ԶՈՐԹ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ:

Այս ժամանակներում ապրում էր Փավստոս եպիսկոպոսը, որ Ներսես եպիսկոպոսապետի ժամանակ նրա պալատում էր լինում իբրև գործակալ։ Նրա հետ ներքին խորհրդական էր և Զորթը, որովհետև հայրապետի ձեռքի տակ, նրա ներքին խորհրդարանում, տասներկու եպիսկոպոս կային նրան աթոռակից, գործակից և խորհրդակից, բացի գավառների բոլոր եպիսկոպոսներից, որոնք նրան ենթարկված էին, բայց այս երկուսը այն տասներկու եպիսկոպոսներից էին։ Սրանց էր հանձնված աղքատանոցների տեսչությունը, և նրանք ամեն բանում հավատարիմ էին նրա ժամանակ, և երկու բաժանված թագավորների՝ Խոսրովի ու Արշակի տարիներում էլ նրանք դեռ կենդանի էին։


Գլուխ Ջ

ՓԱՎՍՏՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՂԲՈՐ՝ ԱՌՈՍՏՈՄԻ ՄԱՍԻՆ:

Փավստոս եպիսկոպոսը մի եղբայր ուներ՝ մի սքանչելի կրոնասեր մարդ, որ լեռներում ու անապատներում միայնակյացի կյանք էր վարում։ Սրանք երկուսը ազգով հոռոմ էին, բայց սա նշանավոր էր իր վարքով իր կյանքի բոլոր օրերում։ Նա բնակվում էր Այրարատյան գավառում, առաջնորդվում էր սուրբ հոգով, շրջում էր լեռներում և անապատներում մաշկեղեն հագած, բանջարեղենով կերակրվելով մինչև իր մահվան օրը։ Երբ նա վախճանվեց, նրա մարմինը անապատից բերին ու թաղեցին Ներսես հայրապետի բուն գյուղում, որ Ամոք է կոչվում, և տարեցտարի կատարում էին նրա հիշատակը։