Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ է

ԲԱՍԵՆԻ ԱՐՏԻԹ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:

Այդ ժամանակ ապրող եպիսկոպոսների մեջ երևելի էր Բասենի Արտիթ եպիսկոպոսը, որ մի պատվական ու պիտանի ծերունի էր։ Մաքուր ու ճշմարիտ կյանք էր վարում նա, արժանացել էր սուրբ հոգու շնորհին և մեծ զորությամբ շրջում էր ու մեծամեծ հրաշքներ էր գործում երկար տարիներ։ Սա եղել էր աշակերտ Մեծ Դանիելի, որ Տիրան թագավորի ժամանակ էր ապրում, և դեռ կենդանի էր Հայոց երկու թագավորների՝ Խոսրովի ու Արշակի ժամանակ։


Գլուխ Ը

ՀՈՀԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ, ՆՐԱ ՎԱՐՔԻ, ԱՆՄՏՈՒԹՅԱՆ, ԽԵՆԵՇ ԽՈՍՔԵՐԻ

ՈՒ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՍՏԾՈՒՑ ԵՂԱՆ ՆՐԱ

ՆԿԱՏՄԱՄԲ»

Այլ էր Հոհան եպիսկոպոսը՝ նախկին Փառեն հայրապետի որդին, եթե կարելի է նրան եպիսկոպոս կոչել։ Սա մի կեղծավոր մարդ էր, մարդկանց աչքում իրեն ձևացնում էր պահեցող և կոշտ ու կոպիտ հանդերձ հագնող, մինչև անգամ ոտնաման չէր հագնում, այլ ամառը պարան էր փաթաթում, իսկ ձմեռը՝ կեմ։ Բայց չափից դուրս ընկղմված էր ագահության մեջ, աստծու ահն էլ մոռացել էր ագահության պատճառով այն աստիճան, որ անվայել ու անհավատալի բաներ էր անում։

Մի անգամ այնպես պատահեց, որ նա ճանապարհ գնաց, նստել էր գրաստի վրա ու գալիս էր, նրան պատահեց մի անծանոթ աշխարհական մարդ, հասակով պատանի՝ ձի հեծած, մեջքին սուր կապած, գոտուց թուր կախած, մեջքին աղեղ ու կապարճ, մազերը լվացած, օծած, կոկած, գլխին վարսակալ գրած, ուսին մուշտակ գցած։ Նա գալիս էր իր ճանապարհով, գուցե ավազակությունից։ Իսկ ձին, որ նա հեծել էր, բարձր էր հասակով, աշխույժ և արագավազ, այնպես որ, երբ Հոհան եպիսկոպոսը հեռվից ձին տեսավ, խիստ զարմացավ ու աչքը վրան մնաց։ Երբ հեծյալը եկավ ու նրան մոտեցավ.