Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոհանը նրան սպասելով՝ հանկարծ բռնեց ձիու սանձից և ասաց. «Իսկույն ձիուցդ իջի՛ր, հետդ խոսելիք ունեմ»։ Մարդն ասաց. «Ոչ դու ինձ ես ճանաչում, և ոչ ես քեզ, այդ ի՜նչ բան է, որ ուզում ես ինձ հետ խոսել»։ Մարդը միևնույն ժամանակ հարթած էր և շատ համառեց՝ չկամենալով ձիուց իջնել: Բայց Հոհանը նրան ստիպեց, ձիուց ներքև իջեցրեց և ճանապարհից մի կողմ տարավ։ Այնտեղ մարդուն հրամայեց խոնարհվել և ասաց. «Քեզ քահանա եմ ձեռնադրում»։ Իսկ նա իր մասին պատասխան տալովս ասաց. «Ես մանկությունից ի վեր եղել եմ ավազակ, մարդասպան, չարագործ, խառնակ վարքի տեր և այժմ էլ նույն գործում եմ գտնվում. ես արժանի չեմ այդ բանին»։ Մարդը շատ համառեց ու վիճեց, բայց Հոհանը ավելի խիստ ստիպեց։ Վերջը Հոհանը նրան բռնությամբ գետին գլորելով՝ ձեռքը դրեց նրա վրա՝ քահանա դարձնելու համար և հետո ոտքի կանգնեցնելով՝ հրամայեց վերնազգեստի հանգույցները արձակել, հոգևորականի վերարկու գցել վրան և ասաց. «Գնա՛ քո գյուղը և եղիր քահանա այն գյուղին, որտեղից որ ես»։ Նա նույնիսկ չգիտեր, թե ո՛ր գյուղից է այդ մարդը։ Հետո Հոհանը մոտենում բռնում է ձիուց և ասում, «Այս ձին էլ ինձ վարձանվեր լինի, որ քեզ քահանա ձեռնադրեցի»։ Մարդը ձիու համար համառեց, չուզեց տալ: Բայց նա բռնությամբ ձին խլեց ու մարդուն ճամփու դրեց։ Այս բոլորը ձիու համար եղան։

Մարդը ակամայից փիլոնը վրան գցած դառնում է տուն, գալիս ներս է մտնում ընտանիքի մոտ և ասում կնոջն ու ընտանիքին. «Վե՛ր կացեք, աղոթք անենք»։ Իսկ նրանք ասում են. «Գժվե՞լ ես, ի՞նչ է, հո չե՞ս դիվահարվել»։ Իսկ նա ասում է. «Վե՛ր կացեք աղոթք անենք, որովհետև ես քահանա եմ»։ Նրանք զարմացել էին. մերթ կարմրում էին, մերթ ծիծաղում։ Շատ հակառակվելուց հետո, վերջապես համաձայնվեցին նրա հետ աղոթք անել: Հետո կինը մարդուն ասաց. «Չէ՞ որ դու երեխա էիր, դեռ մկրտված չէիր»։ Մարդն ասաց կնոջը. «Խելք թողե՞ց գլուխս, շփոթեցրեց, չհիշեցրեց, ես էլ մոռացա այդ բանը նրան ասեր նա ինձ քահանա դարձրեց ու ձին սանձով, թամբով առավ ու գնաց»։ Տնեցիները մարդուն ասացին. «Վեր կկենաս, կրկին կգնաս այդ եպիսկոպոսի մոտ և